Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ազգի 2 իրական դաշնակիցները

Ապրիլ 12,2016 15:00

Այս կյանքում ամեն մարդ երկու դաշնակից ունի՝ Աստված եւ իրար: Մեր ազգն էլ միայն 2 դաշնակից ունի՝ Աստված եւ մեկս մեկին: Երկուսն էլ միակ եւ ռեալ ուժն են, եւ այս երկուսն էլ միայն ու միայն շաղախվում են անձնվեր սիրով: Մենք դա տեսել ենք:
Տեսե՛ք. 18-20 տարեկան տղաներն ինչ անձնվեր հերոսություններ են գործում:
Տեսե՛ք. Ռումբերն ընկնում էին, բայց չէին պայթում:

Տեսե՛ք. Հազարավոր կամավորներ Հայաստանից ու Սփյուռքից ելան իրենց կյանքը դնելու մերձավորի համար:
Տեսե՛ք. Հազարավոր մարդիկ ոտքի ելան ու արյուն, օգնություն հասցրեցին հայրենիքի համար:
Տեսե՛ք. Այն կինը, ով եկել էր զինվորական հոսպիտալի դուռն ու շրջաններից եկած զինվորների ծնողներին իրենց տուն էր տանում հաց ու տեղ տալու համար:
Տեսե՛ք. Սփյուռքի բոլոր համայնքներն այս շաբաթներին ինչպիսի սատարում են բերում մեր հայրենիքին:
Տեսե՛ք. Ինչպիսի սիրով ու աղոթքով միաբռունցք եղավ մեր ազգը:
Տեսե՛ք. Ինչ սերունդ է մեծանում մեր մեջ, որից մենք էլ բոլորս զարմացանք:
Տեսե՛ք. Այս ամենը եղավ առանց պաշտոնական խնդրանքի կամ հրահանգի ու միայն ինքնաբուխ:
Տեսե՛ք. Աստված ինչ սիրո ոգի դրեց Հայոց մեջ:
Խնդիրն այն է, որ մենք այս նվիրված երկու դաշնակիցներին, միշտ չէ, որ հավատարիմ ենք մնում:

Մարդկանց ահռելի մեծամասնությունն Աստծուն է դիմում՝ երբ պետք է երեխա մկրտեն, կամ հարսանիք ու մատաղ անեն, կամ՝ երբ հիվանդանում են, կամ էլ՝ երբ պատերազմ է: Սա ազնիվ չէ Նրա նկատմամբ, ով մեզ ստեղծողն ու Հայրն է: Սա լավ հարաբերություն չէ եւ պետք է փոխել: Աստված մեր երկու նվիրված դաշնակիցներից առաջինն է: Պետք է հավատարիմ մնալ նրան, սիրել նրան ու պահել իր պատվիրանները: «Եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա, գրված է Աստուծո Խոսքում»: (Սղ 126:2): «Ինձ սիրում է նա, ով պահում է իմ պատվիրանները»,- ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը (Հովհ. 14:23):

Մարդկանց մեծամասնությունն իրար սկսում են սիրել ու իրար նկատմամբ հոգ տանել, երբ ցավն է պատում նրանց: Հենց այդ ցավն ապաքինվում է, սկսում են ամեն մեկը գնալ իր ճանապարհով, իր շահի ետեւից: Չի՛ կարելի դիմացինին վատը կամենալ, չի՛ կարելի հարեւանին նախանձել, չի՛ կարելի քո դրացու իրավունքը խլել: Այս մարդիկ քո մերձավորներն են ու դու պիտի հասկանաս, որ քո մերձավորի որդին է այսօր քո տունը պաշտպանում թշնամուց: Չի կարելի ծաղրել, չի կարելի կաշառք վերցնել ու արդարությունը վաճառել: Սրանք մեծ մեղքեր են ու այս մեղքերը վերք են հասցնում ինքներս մեզ: Պետք է սիրել մերձավորին՝ ինչպես սեփական անձդ: Նրան լավն ու բարին կամեցիր: Եթե ընկած է, օգնիր բարձրանա, եթե սոված ու ծարավ է, նրան հաց ու ջուր տուր, եթե քո մոտ է եկել ինչ-որ հարցով, ապա արդար դատիր նրան ու նրա իրավունքը մի զրկիր: Մի գողացիր նրանից, մի ցանկացիր նրա ունեցվածքին, մի սպանիր նրան ու նրա հանդեպ սուտ վկայություն մի տուր: Այլ սիրիր քո մերձավորին՝ ինչպես քո անձը: Նա քո իրական դաշնակիցն է:

Սիրելի մարդիկ, հավատարիմ մնացեք ձեր դաշնակիցներին: Սիրեք Աստծուն, պահեք նրա պատվիրանները, ու սիրեք իրար: «Եթէ լսես քո Տէր Աստծու պատուիրանները, որ պահելու եւ կատարելու համար հաղորդում եմ քեզ այսօր, ապա բազում ազգերի վրայ կիշխես, բայց քեզ վրայ չեն իշխի։ Քո Տէր Աստուածը քեզ կը դարձնի գլուխ, բայց ոչ պոչ, բարձր կը լինես եւ ոչ թէ՝ ցած։ Դու չպիտի խախտես այն խօսքերը, որ ես պատգամում եմ քեզ այսօր, չպիտի շեղուես ո՛չ աջ եւ ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստուածների յետեւից եւ չպաշտես դրանք»։ (Բ.Օր 28:13,14)

Մենք ենք ու Աստված: Ուրիշ դաշնակից չունենք: Բայց գիտե՞ք ինչ: Այս երկու դաշնակիցները, որ շաղախվում են միայն անձնվեր սիրով, երբեք չեն պարտվում:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/ hareyanarm/

 

«Առավոտ» օրաթերթ
12.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    ԻՐՈՔ ԴԱ ԱՅԴՊԵՍ Է : ՑԱՎԸ ՆԱ Է ՈՐ ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ՊԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930