Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մեկնաբանել է Հայաստանին և Ադրբեջանին՝ Ռուսաստանի զենք վաճառելու փաստը, նշելով, որ զենք վաճառելով՝ Ռուսաստանը ապահովում է հավասարակշռությունը և կանխում տարածաշրջանում ռազմական էսկալացիան։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Эхо Москвы ռադիոկայանին տված Ռոգոզինի հարցազրույցը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոգոզինը, մասնավորապես, ասել է. «Երբ մենք զենք ենք մատակարարում Հայաստանին և Ադրբեջանին, մենք հստակ գիտենք, որ կա որոշակի հավասարակշռություն և այդ հավասարակշռությունը զսպիչ գործոնն է, որպեսզի հակամարտությունը չվերածվի լուրջ պատերազմի»։
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ռոգոզինն ասել է նաև, որ եթե Ռուսաստանը զենք չվաճառի Հայաստանին ու Ադրբեջանին, այդ երկրի փոխարեն նույնը կանի ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն. «Պատկերացրեք, որ մենք դադարեցնում ենք երկրներից մեկի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը. այնտեղ անմիջապես կհայտնվեն ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն»։
«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակներում, Ադրբեջանը, ճիշտ է դաշնակից չէ, բայց ռազմավարական գործընկեր է՝ վճարունակ գործընկեր: Նրանք վճարում են զենքի համար: Ռուսաստանը նրանց զենք է վաճառում, իսկ եթե չվաճառի, կվաճառեն ուրիշները», – ասել է նա:
Կարդացեք նաև
Իր խոսքի վերջում Ռոգոզինը հիշեցրել է , որ «կրակում են մարդիկ, ոչ թե զենքերը»։ Նաեւ հավելել է. «Այնտեղ դեմագոգիա է սկսվել ահավոր: Չեմ ուզում մատնացույց անել, բայց որոշ քաղաքացիներ իրենց լավ չպահեցին: Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված քարոզչական փսլինքներ»: