Իսրայելը մտադիր է նոր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) վաճառել Ադրբեջանին։ Այս մասին պարզ է դառնում այդ երկրում գործունեություն ծավալող Մերեց կուսակցության նախագահ Զահավա Գալյոնի՝ Իսրայելի Պաշտպանության նախարար Մոշե Յալոնին ուղղված նամակից։ Այս մասին տեղեկացնում է haaretz.com կայքը։
Մերեց կուսակցության նախագահը, մասնավորապես, կոչ է արել երկրի իշխանություններին վերջ տալ Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառել, որոնք օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում՝ ընդդեմ հայկական զինված ուժերի։ Գալյոնը իր նամակում գրում է. «Ինչպես գիտեք՝ և´ Հայաստանը, և´ Ադրբեջանը բարեկամ են Իսրայելին և անհասկանալի է, երբ իսրայելական արտադրության զենքերը օգտագործվում են այդ երկու պետությունների միջև պատերազմում՝ Լեռնային Ղարաբաղում»։
Իսրայելի պաշտպանական գերատեսչությունից հաստատել են, որ իրենք ստացել են վերոնշյալ նամակը, սակայն որևէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը, որն էլ աղբյուրի համար հիմք է հանդիսացել ենթադրելու, որ Իսրայելը մտադիր է նոր ԱԹՍ-ներ վաճառել Ադրբեջանին։
Տեղեկացնենք նաև, որ օրերս Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, որը նաև համատեղում է Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնը, այցելել էր Երուսաղեմ և իր բողոքն էր հայտնել Իսրայելի կառավարությանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ։