Լրահոս
Օրվա լրահոսը

Թող որ Տիրամայրը լինի մեր Արցախ աշխարհի պաշտպանը

Ապրիլ 12,2016 13:30

«Արցախյան վկայություններ» գրքում Մաքսիմ Ոսկանյանն Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազան արքեպիսկոպոսի հրամանով հավաքել եւ գրառել է 90-ականների աստվածային հրաշագործությունները, որոնք կատարվել են այդ տարիներին:

Գրքում նաեւ հիշատակվում է Պարգեւ սրբազանի ձեռնադրման պատմությունը, ըստ որի՝ 1988 թվականին վեց հոգի Մայր տաճարում ձեռնադրվեցին եպիսկոպոս` երեքը Երուսաղեմի համար, մեկը` Ռուսաստանի առաջնորդ, մեկը` Սյունյաց թեմի, իսկ Պարգեւ սրբազանը` Արցախի։ Յուրաքանչյուր առաջնորդի Վազգեն Վեհափառը հանձնում էր առաջնորդական մեկ պանաքե (լանջին կախվող Հիսուսի կամ Տիրամոր նկարը)։ Եվ երբ հերթը Պարգեւ սրբազանին է հասել, պանաքեներից երկուսն են մնացած լինում եւ Վեհափառը Պարգեւ սրբազանին առաջարկել է ընտրել երկուսից մեկը։ Պանաքեներից մեկի վրա Հիսուսի պատկերն էր, մյուսին` Աստվածածինն էր՝ մանուկ Հիսուսը գրկին։ Եվ հավանաբար այն բանից, որ Արցախում խորհրդային տարիներին ոչ մի եկեղեցի չէր գործել եւ հոգեւոր Արցախի համար այժմ Երկնային Մայրական խնամքն էր անհրաժեշտ, սրբազանը մտքում ընտրել է երկրորդ պանաքեն, ուր Տիրամոր պատկերն է եղել։

«Տիրամայրը Արցախի պաշտպանը կլինի»,- մտքում ասաց նա։ Սակայն իր ընտրությունը Աստծուն եւ նրանով` կաթողիկոսին թողնելով, պատասխանեց.

– Վեհափառ Տեր, Դուք Ձեր ընտրությամբ տվեք։ Վեհափառը մի պահ կենտրոնացավ, զննեց պանաքեները եւ Տիրամոր պատկերովը ընտրելով, հանձնեց Պարգեւ սրբազանին` բարձրաձայն մաղթելով.

– Թող Տիրամայրը լինի մեր Արցախ աշխարհի պաշտպանը։ –Եվ սրբազանի ուրախ ժպիտը տեսնելով, հետաքրքրվեց, թե ինչու է ժպտում։

– Վեհափառ Տեր,– խոստովանեց սրբազանը,– այդ պանաքեն էի ուզում եւ այդ խոսքերն էլ սպասում Ձեզանից։

– Առավել լավ,– ժպտաց Վեհափառը։

Եվ զարմանալին այն է, որ երբ մի քանի ամիս անց սրբազանը Արցախից գալով Մայր Աթոռ եւ մտնելով Մայր Տաճար, աջ կողմի «իր անկյունում», ուր սովորություն ուներ մոմ վառել ու աղոթել, հանկարծ աչքն ընկնում է Տաճարի պատի Աստվածամոր պատկերին եւ զարմանքով նկատում, որ Աստվածամոր այս պատկերի ու իր պանաքեի պատկերները նույնն են։ Ասես Տիրամայրն ասում էր՝ պատահական բան մի կարծիր, որդյակ, Աստված քեզ նախօրոք էր նախապատրաստում Արցախ աշխարհը հովվելու համար։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930