Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջերիս պարտքը

Ապրիլ 12,2016 22:00

«Այստեղ տեղին է նկատել, որ ավելի լավ է խուսափել դաշինքից նրանց հետ, ով քեզանից ուժեղ է, եթե քեզ անհրաժեշտությունը չի ստիպում: Քանզի ուժեղ դաշնակցի հաղթանակի դեպքում դու նրա ձեռքում ես, իսկ տիրակալները պետք է խուսափեն այլ տիրակալներից կախվածության մեջ ընկնելուց»,- գրում էր Նիկոլո Մաքիավելին 500 տարի առաջ:
Քառօրյա Ղարաբաղյան պատերազմը վեր հանեց Հայաստանի՝ անցած տարիների վարած քաղաքականության ողջ սնանկությունը: Երբ չկար որեւէ անհրաժեշտություն, գոնե հաստատ չէր ստիպում այդ անհրաժեշտությունը, Հայաստանի իշխանությունը հանձնում-նվիրաբերում էր Ռուսաստանին իր ռազմավարական բոլոր ակտիվները: Իսկ մենք մեծամասամբ լռում էինք: Հայաստանի «տիրակալները» Ռուսաստանին հանձնում էին երկրի հնարավորությունները նույնիսկ այն ժամանակ, երբ անհրաժեշտությունը հակառակն էր պահանջում: Անհրաժեշտությունը հաստատ չէ՛ր պահանջում, որ «Գազպրոմին» եւ «Ռոսնեֆտին» հանձնես մենաշնորհը, ռուսական բազայի ժամկետը ձգես մինչեւ 21-րդ դարի կեսերը, եթե պետական մտածողության գոնե հետք ունես, դպրոցական պատմության դասագիրքը՝ թեկուզ սովետականը, մեկ անգամ բացել ես կամ գոնե բնազդդ քեզ չի դավաճանել…

Այդ ամենը հանձնելուց հետո մեկ էլ անհրաժեշտությունը ստիպեց: Եվ ստիպեց ուղղակի գերի հանձնվել այդ «տիրակալին»: Հայաստանի քառորդ դար տեւած Անկախության ընթացքի հաշվեկշիռն ի մի բերելով՝ տեսնում ենք, որ երկրի «տիրակալների» գործունեության արդյունքը համեմատելի է աղետի հետ: «Առաջընթացն» էլ, կարծես, էքստենսիվ ուղով չէր կարող չլինել՝ այնպես, ինչպես, ասենք, երեխաները չէին կարող չմեծանալ, իսկ մենք՝ չծերանալ, եւ այստեղ որեւէ մեկի սխրանքը կամ արժանիքը ման չգաք. Հայաստանում բոլորն էլ ինչ-որ բան արել են, ինչ-որ բան ստացվել է, թեկուզ անհամակարգ, անգաղափար…

Այո, այսօր մենք բարեկամ չունենք, մեծ հաշվով: Եվ դա շատ կարեւոր դաս է, որ պետք է քաղենք քառօրյա պատերազմից: Սակայն ավելի կարեւոր են հետեւությունները, թե ինչու դա այդպես եղավ:

Պետական մտածողության բացակայությունը, այդ մտածողությունը հընթացս ձեռք բերելու նույնիսկ ցանկության բացակայությունը թելադրում էր մի «կարճ», բայցեւ անպատասխանատու կեցվածք. «Ռուսաստանի պոչից բռնենք, մեզ էլ մի բան կհասնի»: Անցած 25 տարիների ընթացքում տեսանք այս արատավոր հակապետական մտածողության ամենաստորաքարշ եւ ծառայամիտ դրսեւորումները թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ եւ «վայելեցինք» ամբողջությամբ:
Իհարկե, շատ հեշտ է ամեն ինչը բարդել հարեւան պետության «խավիարային» խարդավանքների, նավթի առկայության, ռուսական կայսերական նենգության եւ այլ գործոնների վրա: Այդ գործոններն անշուշտ կան, բայց մեր անելիքը ո՞րն էր: Այդ գործոններին դիմագրավելը եւ չեզոքացնե՞լը, թե՞ դրանցով մեր դիվանագիտական ամլությունն արդարացնելը: Ո՞վ էր խանգարում մեզ առաջնորդվել մե՛ր պետական շահերով, այլ ոչ թե այլ պետության՝ հակառակ մեր շահերի: Իսկ չգիտեի՞ք, պարոնայք, որ այս հաշվեկշիռը մի օր ուրվագծվելու է իր ողջ խայտառակությամբ՝ ցույց տալով ձեր քաղաքականության ողջ սնանկությունը:

Այո՛, ինչպես ԽՍՀՄ փլուզումն էր, Ղարաբաղյան պատերազմը նույնպես մեր սերնդի կյանքը բաժանեց երկու մասի՝ մինչ այդ եւ դրանից հետո, քառօրյա պատերազմը արդեն սկսել է կատարել նույն ջրբաժանի դերը: Այսօրվա ողջերը մեծ եւ չմարած պարտք ունեն այդ չորս օրերին իրենց կյանքի գնով մեր անվտանգությունն ու արժանապատվությունը պաշտպանած տասնյակ զինվորների առաջ: Այդ պարտքը կարող է մարվել ոչ թե հայրենասիրական ճառերով, հակառակորդի պետական դրոշ տրորելով կամ վառելով (ինչը նույնպես պետական մտածողության լուրջ պակասի դրսեւորում է), այլ քաղաքակիրթ, ազատ եւ զարգացած պետություն կառուցելով: Իսկ դրա համար «շինհրապարակը» պետք է մաքրել աղբից՝ քաղաքական, հասարակական, բարոյական…

Արցախի հայությունը ստեղծել է երկրորդ Հայկական Պետությունը, որը թեկուզ չճանաչված, բայց Հայաստանի Հանրապետության տարեկիցն է: Կյանքն այնպես դասավորվեց, որ ինչպես հույները եւ ալբանացիները, մենք նույնպես երկու պետություն ունենք՝ ուզենք, թե չուզենք, գիտակցենք, թե ոչ:

Մենք մեր ներսի թշնամուն պետք է կոչենք իրենց անուններով: Դա կոռուպցիան է, գանձագողությունը, «ատկատը», բյուջեի վատնումը, քաղաքացու արժանապատվությունը նվաստացնող ոստիկանական ապարատը, քաղաքացու հավատը արդարության նկատմամբ ոտնատակ տվող դատական համակարգը, գործ «սարքող» քննիչ-դատախազական ապարատը եւ այդպես շարունակ՝ այն ամենը, ինչը երկրից վտարում է հային եւ դարձնում սփյուռքահայ:

Բացի դրանից, պետությունը եւ հասարակությունը պետք է ձերբազատել վզից կախված «պարտավորություններից», որ մենք իբր ստանձնել ենք մեր «դաշնակցի» նկատմամբ, եւ միայն փչացնում ենք մեր հարաբերությունները կարեւոր պետությունների հետ, իսկ հարեւան Վրաստանից եւ Իրանից՝ մեկուսանում:

Մեկ էլ, ի սե՛ր Աստծո, ազատեք Էդվարդ Նալբանդյանին դիվանագիտությամբ զբաղվելու ծանր բեռից: Այդ դիվանագիտությունն անփառունակ կերպով գնդակահարվեց քառօրյա պատերազմի՝ մեր «դաշնակցի» կողմից հակառակորդին տրամադրված զենքի հե՛նց առաջին կրակոցով:

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930