Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մոտեցում

Ապրիլ 12,2016 10:10

Անկեղծ ասեմ` առաջին եւ ներկայիս նախագահների հանդիպումը եւ դրան հետեւած Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ինձ ոգեւորեցին: Մասնավորապես, հարցազրույցում նրա ուղերձը հստակ էր` այս պահին պետք է մի կողմ թողնել բոլոր ներքաղաքական խնդիրները եւ ամրապնդել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Այդպես, հավանաբար, պետք է վարվեն բոլոր պատասխանատու քաղաքական գործիչները: Ի դեպ, իր` Տեր-Պետրոսյանի ընդդիմությունը 1992-94 թվականների պատերազմի ժամանակ նման պետական մոտեցում ամենեւին էլ չէր դրսեւորում:

Այս համատեքստում կարեւոր է նաեւ առաջին նախագահի արտահայտած հետեւյալ միտքը. «Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա՝ ունենալով իր ժողովրդի աջակցությունը։ Բայց, միաժամանակ, արտաքին վտանգի պահերին կարիքն ունենալով այդ աջակցության՝ նրա գլխավորած վարչախումբը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել, դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ։ Իշխանությունների եւ հասարակության հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե միակողմանի վերաբերմունքի, այլ փոխվստահության եւ փոխաջակցության վրա։ Չի կարելի անհոգության ժամանակներում արհամարհել ժողովրդին ու ընդդիմությանը, իսկ դժվարին պահերին ակնկալել նրանց աջակցությունը»։ Հարցազրույցի այս` «ներքաղաքական» մասը նույնպես շարադրված է զուսպ, տվյալ իրավիճակին համապատասխան տոնայնությամբ:

Նրանք, ովքեր այսօր «կուլակաթափության» կոչեր են անում (հարուստներից փողերը խլենք, դրանով զենք առնենք), թող նույնպես փոքր-ինչ ավելի զուսպ եւ սթափ մտածեն: Փորձը ցույց է տալիս, որ հարուստներից խլածը հասնում է հենց «խլողներին» եւ իր նպատակին չի ծառայում: Ոչ մի ծայրահեղական լուծումներ պետք չեն` եթե հարուստներն իրենց հարկերը ամբողջությամբ վճարեն, մենք կունենանք այն ամենը, ինչ որ մեզ պետք է:
Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի արձագանքը նույնպես հատկանշական է: Ակնհայտ է, որ նա հիմա մտածում է ոչ թե այն հարցերի մասին, որոնք քննարկում էին առաջին եւ երրորդ նախագահները, այլ «ստվերից» ներքաղաքական պայքարը շարունակելու եւ այդ նպատակով համապատասխան գործիչներին, հրապարակախոսներին եւ լրատվամիջոցներին «բզբզելու» մասին: Բայց ես այս հարցում էլ հույսս չեմ կորցնում. այո, այս պահին մեր երկրորդ նախագահը չի կարողացել հանել իր միջի դառը էմոցիաները: Այդպիսին է այդ մարդու բնավորությունը, որն արտացոլվում է, մասնավորապես, իր ժամանակի ներքաղաքական քարոզչության, իր «Հայլուրի» եւ վերը հիշատակված գործիչների, հրապարակախոսների եւ ԶԼՄ-ների մեջ: Ոչինչ, շատ հնարավոր է, որ վաղը նրանք էլ փոխվեն: Կյանքն է ստիպում` ոչինչ հավերժ չէ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ճիշտն ասած՝ Քոչարյանի արձագանքից ես ևս նույն տպավորությունը ստացա, ինչը որ հոդվածում է ներկայացված, սակայն դա միայն առաջին տպավորությունս էր:
    Խնդիրն այն է, որ ըստ իս՝ Քոչարյանը պետք է, որ շատ ավելի լավ ճանաչի Սերժ Սարգսյանին, քան թե նույնիսկ Տեր-Պետրոսյանը, և ասված մի քանի նախադասության մեջ շատ լուրջ մտահոգություններ զգացի.
    Արդյո՞ք չվաստակած և ասես երկնքից ընկած աջակցությունը կարող է այնպես փոխել Սերժ Սարգսյանին , որ նա երես թեքի իր տզրուկա-քամիչ ու դեմագոգ համակարգից և դեմքով շրջվի դեպի հասարակությունը…
    Որքան էլ, որ էությամբ լավատես եմ, նման կերպարանափոխության, կամ ավելի ճիշտ՝ կերպարափոխության չեմ համարձակվում հավատալ…

  2. henri says:

    Հիմա պէտք է ակնկալել որ ՍՍ իմաստութեամբ շարժի և սխալ քայլ չընէ;
    ԼՏՊ-ի իմաստուն թելադրութիւններէն ետք `Ազգը իր կողքին է և հրաշքներ կրնայ գործել;

  3. Հ.Շ. says:

    Բազմաթիւ ձեւերով կամ տեսանկիւններից կարելի է վերլուծել Լեւոն Տէր-Պետրոսյանի այժմու կեցվածքը: Սակայն ամէն պարագայի, իր առած քայլն ու յաջորդող խօսքերը տպաւորիչ են, վայելուչ եւ օրինակելի են, իմաստութիւն եւ վեհանձնութիւն կը փաստեն, եւ իր կեանքի մայրամուտին՝ հոգեկան փրկանք կը հանդիսանան:

    Այսուհետեւ, անհնար է անցեալի նման զինք դատել կամ քննադատել:

    Մաղթենք որ ան, նոյն տրամադրութեամբ եւ ըմբռնողութեամբ, ազգային սրբազան միասնականութեան մասնակցի նաեւ՝ յառաջիկային Ապրիլ 24-ին:

  4. Ruben says:

    Ոչ ոք, ոչ մի հարցի լուծում չտվեց (ջուր ծեծեցին):
    Մեկը գնաց իր «շեֆի» մոտ, կանչել էր:
    «Ալբանացին» մնաց խաղից դուրս, բայց պահուստային:
    Հետաքրքիր է, ի՞նչ են նրանք անելու (զբաղվելու) 18-20 թվին:

  5. Ալեքսանդր says:

    Հարուստներին կուլակաթափելը իհարկե սխալ է: Բայց վատ չէր լինի, որ ամեն մի հարուստ օլիգարխ կոչվածը գոնե մեկ տանկ կամ անօդաչու սարք գներ բանակի համար: Վրան էլ թող նրա անունը գրեն: Ժողովուրդն էլ այդ հարուստին շատ կսիրեր: Բա Սովետի ժամանակվա կոլխոզի կթվորուհու չափ չկա՞ն, որը երկրորդ աշխարամարտի ժամանակ իր փողերով տանկային շարասյուն տվեց Կարմիր բանակին:

  6. Armen says:

    Սիրելի Հայեր,

    Լ. Տեր – Պետրոսյանի խոսքերին չեմ հավատում : Ինչու? Բոլորին է հայտնի, եթե ինքը այդ խորհուրդները ժամանակին կիրառել ու խայտառակ ձևով պաշտոնական չլիներ, այլ թողներ ժողովուրդի ձայն ստացողը իշխանության գար, այսօր այլ Հայաստան կունենանք :

    • Armen says:

      Ճիշտն ասած, ինձ ընդհանրապես չի ոգեւորում 2 նախագահների հանդիպումը, այլ հակառակը ավելորդ նոր խոսակցությունների ու պառակտումների առիթ է հանդիսանում, քանի որ վերջին դեպքերը ցույց տվեցին կամ նորից ապացուցեցին, այսպիսի իրավիճակում ժողովուրդն է կարևոր ֆակտոր հանդիսանում :

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930