Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետությունը պարտադիր պետք է մասնակցի Արցախի հարցի լուծման բանակցային գործընթացին

Ապրիլ 12,2016 09:45

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Արցախի դեմ սույն թվի (2016) ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեւեց 4 օր (այժմ ժամանակավոր զինադադար է)։

Քառօրյա պատերազմը Արցախում մեկ անգամ եւս ցույց տվեց հայի աննկուն կամքը պաշտպանելու իր հայրենիքը՝ պատժելով նախահարձակ վայրագ թշնամուն։

Քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը իր դեմ գտավ հզոր բռունցք կազմած հային, որն իր լեռների պես անսասան մնաց։ Հաղթարշավում Արցախի հանրապետության բանակն էր՝ նեցուկ ունենալով Հայաստանի եւ սփյուռքի ողջ հայ ժողովրդին։

Ադրբեջանի բանակը շարունակում էր օգտագործել 1990-1994 թթ. Արցախի ազատագրական պայքարի ժամանակ իր «հին ձեռագիրը»՝ խաղաղ ու անմեղ մարդկանց սպանելու գործում, որի շարունակությունն էր Թալիշում Վալերա եւ Ռազմերա Խալափյան ամուսինների բարբարոսաբար գնդակահարությունը, որից հետո վայրենի մոլուցքով նրանց ականջները կտրելը։ 1990-1994 թթ. առանց կանոնավոր բանակի հայերը տոնեցին իրենց փառապանծ հաղթանակը Ադրբեջանի նկատմամբ։

Մենք անընդհատ քննադատում ենք Հայաստանի ղեկավարությանը ժողովրդի նվազագույն սոցիալական պայմանները չբավարարելու համար, որի հետեւանքով նա արտագաղթում է իր Հայրենիքից։ Բայց այդ նեղ սոցիալական պայմաններում ապրող ժողովուրդը «մոռանալով» ամեն բան, իր սփյուռքահայ քույրերի ու եղբայրների հետ մի բռունցք կազմած կանգնեց վայրագ թշնամու դեմ՝ պաշտպանելու իր Հայրենիքը։

Քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կորուստները (ապրիլի 7-ի տվյալներով). 36 զոհված, 122 վիրավոր, 21 անհայտ կորած, 7 հրասայլ (տանկ)։ Ադրբեջանի կորուստները. մոտ 300 սպանված, մոտ 2 հազար վիրավոր, 30 հրասայլ, 2 ուղղաթիռ, 7 զրահապատ մեքենա, 1 SOU-1A հրանետ, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 10 անօդաչու թռչող սարք եւ այլ զինտեխնիկա։ Բերված տվյալները փոփոխման ընթացքում են։ Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հաշվարկով ՝ Ադրբեջանական կողմը 170 միլիոն դոլարի կորուստ է կրել, իսկ Արցախը՝ 14 միլիոն դոլարի, որի մասին լրագրողներին տեղեկացրել է ապրիլի 7-ին։

Բոլոր պետությունները պապանձվել էին, ոչ մեկը չդատապարտեց նախահարձակ Ադրբեջանին։

Քառօրյա պատերազմի ժամանակ Արցախ ժամանեցին բազմաթիվ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց մի մասը եղավ ռազմաճակատային գծերում եւ ճշմարիտ տեղեկություններ հաղորդեց իր երկրին պատերազմի մասին։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ մասը, ի հակադրություն իրենց պետությունների լռության, նեցուկ կանգնեցին Արցախին, ինչպես նաեւ իրենց երկրներում ժողովուրդը եւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ դրական ուղերձներ հղեցին Արցախին իրենց զորակցության մասին՝ նպաստելով Արցախի հարցի լուծման հօգուտ Արցախի Հանրապետության։

Որոշ պետություններ լռությամբ հանդերձ իրենց լծակներով նույնպես զորավիգ կանգնեցին Արցախին, հատկապես Ռուսաստանի լրատվամիջոցները եւ հեռուստաալիքները, որոնք կարծեք թե ուղիներ էին հարթում, որպեսզի իրենց երկիրը ճանաչի Արցախի Հանրապետությունը։ Սա կարելի է ընդունել որպես իրենց երկրի կառավարության ուղերձը Արցախին, որը գնահատում է հայ ժողովուրդը։

Մի փաստ եւս հաստատում է վերոնշյալը։ Սույն թվի ապրիլի 6-ի լրատվությամբ, Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառների մասին NA REGNUM գործակալությանը պատմել է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ գնդապետ Լեոնիդ Իվաշովը։

Ըստ նրա, հարձակման պատրաստվող կողմը պետք է ունենա երկակի կամ եռակի առավելություն, որն ունի այսօր Ադրբեջանը Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ։ Նա նշում է, որ Մեդվեդեւի իշխանության եւ ռազմական գերատեսչության ղեկավարության օրոք՝ ի դեմս Սերդյուկովի ռազմական հավասարակշռությունը խախտվել է, երբ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին մատակարարել առավել առաջադեմ զենք՝ T-90C տանկերը (հրասայլերը), «սմերչ» տեսակի հրթիռային համակարգերը։ Ադրբեջանին ռազմական միջոցներ է մատակարարել նաեւ Թուրքիան։ Նա նշում է, որ «Հատկապես Ղարաբաղի եւ Հայաստանի բանակները ռազմատեխնիկական սարքավորումների հարցում զիջում են Ադրբեջանին… Ադրբեջանի հարձակողական գործողությունը ձախողվել է… Ղարաբաղի բնակչության եւ բանակի ռազմաբարոյական ոգին ավելի ուժեղ է։ Իսկ տեխնիկան, թեեւ այն մեծապես հնացած էր, ավելի վստահելի էր։ Եվ եթե նման լարված հրադադարի պայմաններում Ռուսաստանը ակտիվորեն աջակցի Ղարաբաղին ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով (հակատանկային, հակահրթիռային) եւ հրթիռային համակարգերով, ապա խաղաղությունը փխրուն կլինի, անհուսալի, բայց այնուամենայնիվ կլինի»։

Կարծում ենք Լեոնիդ Իվաշովի վերոնշյալ խոսքերը եւս ուղերձ են Հայաստանին ու Արցախին նեցուկ կանգնելու Ռուսաստանի պատրաստակամությանը։ Եթե դեպքերի զարգացումը այս ձեւով շարունակվի ու Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը, տեղեկատվական աղբյուրները լուրեր են տարածում, որ երկրորդ ճանաչողը կլինի Ռուսաստանը։ Արդյո՞ք կիրագործվի այս տարբերակը, ժամանակը ցույց կտա…։ Չնայած Մինսկի խմբի համանախագահներից մեկը Ռուսաստանն է, մի բան պարզ է. Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է։

Ռուսաստանի դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ապրիլի 7-ն Բաքվում հայտարարել է, որ 2010 թ. կնքված պայմանագրի համաձայն Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին մատակարարել մոտ մեկ միլիարդ դոլարի արդիական զենքեր, որոնց առաքումը կավարտվի 2017 թ.։ Իսկ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Սպառազինության ցանկացած մատակարարում, ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամ Ադրբեջանին, մեր կողմից իրականացվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մանրակրկիտ հաշվառման անհրաժեշտության պահպանմամբ»։

Ըստ Լեոնիդ Իվաշովի Ադրբեջանը Արցախից արդեն 2-3 անգամ ավելի զինտեխնիկա ունի, իսկ Ադրբեջանի ստանալիք մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի դիմաց Հայաստանի 200 միլիոն դոլար վարկի դիմաց Ռուսաստանից ստանալիք զինտեխնիկան կարո՞ղ է հավասարակշռություն ստեղծել մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի հետ, այնպես, որ ամեն ինչ կախված է տվյալ ժամանակի քաղաքական պայմաններից ու հանգամանքներից։

Նշենք նաեւ. եթե Ադրբեջանը մի փոքրիկ հույս ուներ Ղարաբաղը իր ձեռքում պահելու, քառօրյա պատերազմից հետո այդ հույսը հավասարվեց զրոյի։

Քանի որ հրադադարը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բանակի հաղթարշավի շնորհիվ եւ միջազգային հանրության գերակշռող մասը զորավիգ է Արցախի Հանրապետու-թյան, Հայաստանի ու Արցախի հանրապետությունները պետք է օգտագործեն այս առիթը, ճնշում բանեցնելով Մինսկի խմբի համանախագահների վրա, իրագործելու հայկական հետեւյալ պահանջները.

1. Արցախի Հանրապետությունը պարտադիր պետք է մասնակցի Արցախի հարցի լուծման բանակցային գործընթացին, մանավանդ, որ 1994 թ. հրադադարի անմիջական մասնակիցն է եղել նա։

2. Լուծել դիպուկահարների հարցը, նրանց ընդմիշտ հեռացնելով սահմանային շփման գծից, այսինքն` վերացնել նրանց գոյությունը։

3. Պարտադրել համանախագահներին՝ ստուգող սարքերի տեղադրման իրագործումը սահմանային շփման գծի ամբողջ երկարությամբ՝ հրադադարը խախտողին բացահայտելու համար։

4. Համանախագահների միջոցով լուծել Արցախի Հանրապետության օդանավակայանը գործածելի դարձնելու հարցը։

 

Վահան ԲԱՀԱՐՅԱՆ

Լոս Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Ֆրանսիացիներն ասում են,- եթե ուզում եք հասկանալ՝ ի՞նչ է անսահմանությունը, մտածեք մարդկային հիմարության մասին:
    Լավ, ռուսներն է՞լ ինչ պիտի անեին, որ մենք հասկանանք, որ մեր ամենաոխերիմ թշնամին ռուսներն են: Քանի՞ դար պիտի անընդհատ հաստատենք ֆրանսիացիների ասածը, բավական չեղա՞վ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930