Բոլոր նրանք, ովքեր հավատում են «դարն ապրած» զենքի մասին իրենց հյուսած կամ տարածած առասպելին, արժե, որ մի պահ ու մի քիչ պաղեն, հանդարտեցնեն վիրտուալ ստեղնաշարային կրակահերթերից բորբոքված իրենց կրքերն ու երեւակայությունը եւ մեկ-երկու պարզ հարցի անդրադառնան:
Մասնավորապես կա՞ որեւէ մեկը, որ լրջորեն կամ իրականում հավատում է, թե «դարն ապրած» զենքով կարելի է դիմագրավել մինչեւ ատամները զինված, ավելին՝ ժամանակակից զինատեսակներով սպառազինված, հանդերձավորված որեւէ թշնամու, որքան էլ որ դիմագրավողները քաջ ու համարձակ լինեն:
Ավելի կոնկրետ. եթե մեր քաջարի ու անձնազոհ զինվորները «դարն ապրած» զենքերով կռվելիս լինեին, ապա հազիվ թե կարողանային թշնամու 24 տանկ խոցել, երկու ուղղաթիռ, հետեւակի մարտական մեքենաներ, «Գրադ» կայանքներ, մեկ տասնյակի չափ անօդաչու թռչող սարքեր եւ այսպես շարունակ, չհաշված արդեն թշնամու բանակի կենդանի ուժին հասցված կորուստները:
Պարզ է, չէ՞, որ վատ զինված կամ «դարն ապրած զենքով» կռվող որեւէ բանակ չէր կարող նման վնասներ պատճառել հակառակորդին, էլ չենք խոսում նույն այդ թշնամու հարձակումը կասեցնելու, ապա նրան հակահարվածով հետ շպրտելու մասին: «Դարն ապրած» զենքով, ուրեմն, Արցախի պաշտպանության բանակի 19-ամյա ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանը 3 օրվա մեջ թշնամու 5 ժամանակակից տանկ ոչնչացրեց եւ հետեւակի մարտական 1 մեքենա: Հայոց բանակի մեկ՝ հմուտ ու լավ պատրաստված, իր անելիքն իմացող զինվորը, որին մարտական ընկերներն արդեն «վարպետ» են կնքել, իսկ ժողովուրդը՝ հերոս:
Կարդացեք նաև
Ոչ պակաս էական է մեկ այլ հանգամանք, որը այս օրերին վերստին ակտիվացած «բազմոցային գեներալներն» ու «ստեղնաշարային ստրատեգները», չգիտես ինչու, չեն էլ դիտարկում: Իսկ այդ էական հանգամանքն այն է, թե բանակը, զինվորականները որքանո՞վ լիարժեք ու հմուտ են տիրապետում իրենց ունեցած զենքին, որքանո՞վ հստակ, վարժ, կազմակերպված ու միասնաբար են գործում մարտական խնդիրներ լուծելիս: Կարճ ասած՝ որքանո՞վ են բանակ:
Ի պատիվ Հայոց բանակի, պետք է ասել, որ ապրիլի լույս 2-ի գիշերվա իրադարձություններով սկսված նոր փորձությունը ակներեւ ցույց տվեց մեր զինվորականության որակական առավելությունը թշնամու նկատմամբ: Անօրինակ սխրանքների եւ արյուն պաղեցնող խիզախության մասին չէ միայն խոսքը: Այլ հենց ընդհանուր մարտական պատրաստականության աստիճանը, համատեղ ու համաձայնեցված ծանր ռազմական աշխատանքը նկատի ունենք:
Ինչ էլ ասվի, ինչքան էլ որ քիչ չեն տարաբնույթ թերությունները, մեր զինվորները որակապես անհամեմատ լավ են պատրաստված, պարապած: Դա է վկայում «քառօրյա պատերազմի» ընթացքը: Տեսեք. բոլոր մերձճակատային ստորաբաժանումները հաշված րոպեների ընթացքում ոչ միայն բերվել են մարտական թիվ մեկ պատրաստության վիճակի, այլեւ պատերազմական իրավիճակում հընթացս անցել են մարտական կոնկրետ առաջադրանքներ կատարելու եւ խնդիրներ են լուծել: Ամեն մեկը հստակ իր տեղն ու անելիքը իմացել է ու արել է:
Եթե շատ եք ցանկանում, կարող եք, իհարկե, շարունակել «դարն ապրած» զենքի առասպելը: Պարզապես իմացեք, որ դա մեծ մասամբ առասպել է:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Ես չեմ հասկանում դուք ուզում եք ասել, որ բանակաը զինել պետք չի ? Որ թշնամու սպառազինության դեմ ոչինչ ձեռնարկել պետք չի, որ թշնամու տեղաշարժը 5-6կմ֊ից նկատել և դրանով զոհերի թիվը նվազեցնել պետք չի ? Թե համապատասխան միջոցներ չունեք որ այդ ամեն ինչը անեք ? Թե այդ 18-20 տարեկան տղաները որոնց հերոսներ եք այսօր կոչում, միայն մահանալուց հետո, իսկ մինչև այդ հերոսներ չեին որ երեք անգամ մեծ ու 1000 անգամ լավ զինված բանակի դեմ կանգնում էին։ Բանակը երկրի իշխանության հետ միասին պետք է անի մանե ինչ, ոչ թէ թոզ փչի մարդկանց աչքին որպեսզի զինվորի ծառայութնունը հնարավորինս ապահով լինի։ Եվ վերջապես այդ տղաների ծնողներին ինչ պատասխան են տալու այսօրվա իշխանությունը․ “Դե ոչինչ թող քո տղենք գնա ղարաբաղ մեռնի, մենք են ուտենք խմենք ու երկիրը թալանենք”