Որոշել էի լռել, բայց չկարողացա… Ինձ չափազանց հուզել է Առաջին և Երրորդ նախագահների հանդիպումը և մանավանդ այդ հանդիպման դաժան առիթը՝ մեր քառօրյա (աստված տա հենց այդքան էլ մնա) պատերազմը, սահմանին պահպանվող լարված իրավիճակն ու սոցիալական կայքերում հզոր հայրենասիրական ալիքին փոխարինելու եկող մեղավորների ու քավության նոխազների փնտրտուքի գնալով մեծացող ալիքը:
Իմ շատ սիրելի բարեկամներ, իմ հպարտ ու անսասան եղբայրներ, քույրեր, հավատացեք, որ շատ ավելին գիտեմ, քան դուք եք գրում, շատ ավելի մեծ վրդովմունքի ալիք է պատել նաև ինձ, բայց հիմա ժամանակը չէ, եկեք օրինակ վերցնենք մեր ներկա ու նախկին ղեկավարներից՝ և մի կողմ թողնելով իրադարձությունների հուզական կողմը, փորձենք դրանք գնահատել իրատեսական մոտեցումով, հետևություններ անենք, որովհետև առջևում շատ կարևոր ու դժվարին աշխատանքներ են:
Մամուլում տարիների լռությունից հետո սկսել են հայտնվել մի շարք նախկին գործիչներ ու մոռացված լրագրողներ: Զարմանալի հետևողականությամբ սկսել են շրջանառվել հաշվեհարդարի, հրաժարականների, դաշնակիցներին փոխելու կոչեր: Մի՞թե դրա ժամանակն է… Գուցե իրենց կարծիքով սա ամենահարմար պա՞հն է, ծանր են տանում ժողովրդի համախմբումը: Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես վիրավորված եմ ԵՏՄ որոշ երկրների ղեկավարների պահվածքից, բայց խռոված կեցվածք ընդունելով նման խնդիրները չեն լուծվում, լուրջ և հետևողական դիվանագիտական աշխատանք է անհրաժեշտ:
Հաճախ է հնչում, թե որտե՞ղ է մեր ռազմավարական դաշնակիցը, ինչու՞ է ՌԴ-ն հավասարության նշան դնում ագրեսորի և պաշտպանվողի միջև, վարչապետը պետք է արդյո՞ք բոյկոտի Մոսկվայի հավաքը… Մի՞թե մինչև այս դեպքերը որևէ մեկին թվացել է, թե ռուսը պիտի գա ու հայի փոխարեն կռվի ազերիների դեմ, այն էլ Արցախում… Ես արդեն լսում եմ իմ ընդդիմախոսների խոսքը. «Թող գոնե զենք չվաճառի»:
Կարդացեք նաև
Իմ համեստ կարծիքով ՌԴ-ի համար ներկայումս չափազանց կարևոր է Ադրբեջանը պահել իր վերահսկողության շրջանակում: Մի րոպե պատկերացրեք, եթե այդ երկիրը պաշտոնապես հայտարարի, որ ուզում է անդամակցել ՆԱՏՕ-ին, ի՞նչ եք կարծում դրանից մեր երկրի ռազմաքաղաքական վիճակը կբարելավվի՞…
Ուզում եմ հիշեցնել նաև, որ ՌԴ-ի իշխանություններն ամենևին էլ միատարր չեն և այդ տարբեր խմբավորումների շահերի բախման դրսևորումը զգացինք մեր մաշկի վրա: Մի կողմից Ադրբեջանի հյուսիսային սահմանների մոտ Ռուսաստանի զորքերը ռազմական վարժանքներ էին իրականացնում, մյուս կողմից փոխվարչապետը (Էրդողանի ոճով) պրովոկացիոն հայտարարություն հնչեցնելով Ֆեյսբուքում` մեկնում է Բաքու:
Հարազատներս, ժամանակները խառնակ են, թշնամիներն ու բարեկամները խառնվել են իրար, մարդու և չմարդու կռիվ է՝ մեծ աշխարհաքաղաքական խաղ, իսկ Հայաստանը դրա միայն մի փոքր մասնիկն է, եկեք խոհեմություն դրսևորենք և աշխատանքները թողնենք մասնագետներին, նրանց՝ ովքեր տիրապետում են ողջ ինֆորմացիային, որպեսզի սովորականի նման ոտատակ չլինենք մեծ տերությունների կռվի մեջ, պահպանենք այս միասնության զգացումը և յուրաքանչյուրս իր տեղում, իր հնարավորությունների սահմաններում, թող փորձի օգնել մեր արդար պայքարին…
Էմմա Խուդաբաշյան
Առանց ձեզ էլ Հայաստանը լիքն է պուտինի հարճերով ու ներքինիներով
Գնացեք ու այդ հեքիաթ-երգը պուտինի մոտ երգեք,մեր ականաջները էլ չեն ընկալում նման ռուսամետ ճառեռը…