Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիոնատերերի փոխանցումները ԼՂՀ-ին. Վարչապետի եղբայրն էլ է գումար փոխանցել

Ապրիլ 11,2016 21:35

Լեռնային Ղարաբաղի հանրապետությանն աջակցության նպատակով կազմակերպված դրամահավաքի մասնակիցների ամբողջ ցանկն առաջին իսկ օրից հրապարակվել է:

Ուսումնասիրելով ցանկը՝ հետաքրքիր եւ ուշագրավ հանգանակություններ նկատեցինք:  Արցախին ֆինանսական օգնություն են տրամադրել նաեւ օտարերկրացիներ:  Դժվար է ասել, թե Լենկան եւ Յենոֆկն արդյոք Արցախի տեղը գիտեն, բայց նրանք եւս հանգանակություն են փոխանցել: Ցանկում նրանց անունը նշված է հետեւյալ կերպ՝ LENKA VYSOKA, CZECH REPUBLIC , YENOFK CEKIC, REGENSDORF:

Հանգանակության ցանկում ամենաուշագրավը, թերեւս, մի թոշակառուի փոխանցումն է, որը սոցցանցերում շատ քննարկվեց, օգտատերերը  համեմատեցին խոշոր ընկերությունների համեստ փոխանցումների հետ:  Մասնավորապես՝ Մկրտչյան Լաուրա Եղիշի (թոշակառու)` 10 հազար դրամ եւ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ »-ը, որը հայտնի է մայրաքաղաքում որպես կարմիր գծերը «քաշող» ու միլիոնների եկամուտ ունեցող ընկերություն, ընդամենը  41,000 հազար դրամ է փոխանցել:

Սոցցանցերում նաեւ բուռն քննարկվեց  ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի 660 հազար դրամ հանգանակությունը: Օգտատերերը հիշեցնում էին, որ Խաչատրյանի ընտանիքի անվան հետ են կապվում մի շարք ընկերություններ, ինչպես նաեւ արտերկրում նրա կողմից ձեռք բերված մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող շոկոլադի գործարանը:

Թե Հայաստանի հանրապետության եւ թե ԼՂՀ պետական հիմնարկները եւս փոխանցումներ են կատարել, ընդ որում՝ որոշ պետական հիմնարկների աշխատակիցիներն էլ առանձին փոխանցումներ են կատարել:

ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ ) ծառայությունը  20 միլիոն դրամի հանգանակություն է կատարել ԼՂՀ-ին, գումարը պետական հիմնարկի անունից է, եւ ուստի այն պետական փողեր են: ԴԱՀԿ ծառայության ղեկավարը Միհրան Պողոսյանն է, որը նաեւ ոչ պակաս հայտնի «Քեթրին գրուպի» հիմնադիրն է, այս ընկերությունը նաեւ բարեգործական հիմնադրամ ունի, Պողոսյանը, ինչպես հրապարակել է «Հետքը» օֆշորային գոտիներում ընկերություններ  ունի, շվեյցարական բանկում էլ՝ հաշիվներ: Սակայն ԼՂՀ-ի հանգանակության ցանկում «Քեթրին գրուպից» եւ Պողոսյանի անունից որեւէ փոխանցում չկա:

Մի շարք պատգամավորներ էլ փոխանցումներ են կատարել՝ տարբեր չափերի, սկսած 50 հազար դրամից մինչեւ 2 միլիոն դրամ: 50 հազար դրամ փոխանցողներն այն պատգամավորներն են, որոնք հանրությանը հայտնի են, բացի  աշխատավարձից, այլ կողմնակի եկամտի աղբյուր չունեցողներ:

Հանրապետական Վարդան Այվազյանը 2 միլիոն դրամ է փոխանցել. Այս պատգամավորի անունն էլ լրատվամիջոցներ տարբեր բիզնեսների հետ են կապում, չնայած նա միշտ հերքում է: Նույնքան գումար էլ փոխանցել են պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու  Արա Բաբլոյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 1 միլիոն դրամ է փոխանցել, պատգամավոր Արայիկ Գրիգորյանն էլ՝ 1 միլիոն դրամ: Նշենք, որ այս պատգամավորի կարողությունը 4.7 միլիոն դոլար է:  Պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ 1 միլիոն դրամ է փոխանցել, նրա կարողությունն էլ 3.6 միլիոն դոլար է:

Պատգամավոր Սամվել Նիկոյանը  600 հազար դրամ է փոխանցել: «ՄԱՊ» գործարանի սեփականատեր,պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն էլ 500 հազար դրամ է փոխանցել: Արտաշես Գեղամյանը 500 հազար դրամի փոխանցում է կատարել:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝  Հենրիկ Աբրահամյանը 2 միլիոն դրամ է փոխանցել: Հիշեցնենք, որ վարչապետի ընտանիքն ու մերձավորներն էլ, ըստ «Հետքի» խոշոր բիզնեսների տեր են:

Պատգամավորներ Կարեն Ավագյանն ու Հովհաննես Սահակյանը 250 հազար եւ 200 հազար դրամի փոխանցում են կատարել: Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ 50 հազար դրամ է փոխանցել:

108 հազար դրամի փոխանցում կա, որը, կարելի է ասել, անանուն է, գրված է՝ Ընկերության աշխատակիցների կողմից:

Մի ուշագրավ փոխանցում էլ կա, ցանկում գրված է՝ «Անանուն փոխանցում 10,000 դրամ»:

«Պրոմեթեյ բանկ»-ը 250 հազար դրամի հանգանակություն է կատարել: «ՎՏԲ-Հայաստան» բանկի Սիսիանի մասնաճյուղի աշխատակիցներն էլ 55 հազար դրամ են փոխանցել, «Արդշինբանկի» Արարատի մասնաճյուղը՝  22 հազար դրամ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատողների կողմից 2,3 միլիոն դրամի փոխանցում կա:

Կան նաեւ 10 դրամի, 1000 դրամի փոխանցումներ: ԼՂՀ-ին գումարներ են փոխանցել դպրոցականներ, ուսանողներ, գյուղացիներ, տարբեր հիմնարկների կոլեկտիվներ, առանձին քաղաքացիներ: Ինչպես ասում են՝ ով, որքան կարողացել՝ օգնել է:

Այս պահին ՀՀ դրամով հավաքված հանգանակությունը կազմում է 970,872,886, դոլարով՝ 394,061, եվրոյով՝ 4,122, ռուսական ռուբլիով՝ 11,379,139:

Շնորհակալություն բոլորին:

Հիշեցնենք, բացի ֆինանսական աջակցությունից, այս օրերին նաեւ մեր բնակչության կողմից մարդասիրական օգնություն է հավաքվում եւ ուղարկվում ԼՂՀ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայր Սերովբե says:

    Yenofk Cekic-ը հայ է, ճանաչում եմ անձնապես, հոգեւորական է:

  2. Սերգո says:

    Պրոմեթեյբանկի 250.000 ՀՀ դրամի հանգանակությունը բանկի աշխատակիցների կողմից է, իսկ կոնկրետ բանկի սեփականատերը Ռուսաստանից 10.000.000 ռուբլի է փոխանցել: Խնդրում եմ դա էլ նշեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930