Aravot.am-ը «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Միքայել Արամյանից հետաքրքրվեց` հայ զինվորները ի՞նչ տեսակի անարգանքի են ենթարկվել ադրբեջանական կողմից:
Պարոն Արամյանն ասաց՝ նման տեղեկատվության մանրամասները ոչ միայն ճիշտ չէ, այլեւ կոռեկտ չէ հրապարակելը. «Շատ վատ վիճակում են վերադարձրել մեր զինծառայողների դիերը: 21 անհետ կորածներն էլ, որոնցից երեքին վերադարձրին հրադադարի ժամանակ, տասնութն էլ՝ հիմա անդամահատված վիճակում էին, մեկ զինվորին դեռ չենք գտել: Հավանականությունը մեծ է, որ սպանված է, բայց քանի դեռ հայտնաբերված չէ, ոչինչ չենք կարող ասել: Ադրբեջանցիների կողմից այս խոշտանգումները ցույց են տալիս նրանց բարբարոս վիճակը, նրանք հաշվի չեն նստում միջազգային ոչ մի նորմի հետ, հաշվի չեն առնում ստանձնած պարտավորությունները, մարդկային կերպարի հետ առնչություն չունեն: Ադրբեջանցիների դիակները հայկական կողմը վերադարձրել է պատշաճ մակարդակով: Արդեն նյութեր ենք պատրաստում այդ խախտումների համար պատասխանատվության ենթարկելու ադրբեջանցիներին, տեսնենք՝ որ ատյանով կստացվի»:
Մեր հարցին՝ զինծառայողները անդամահատվել են կենդանության, թե՞ մահից հետո, փորձագետն ասաց, որ քննության ավարտից հետո կկարողանան ասել, այս պահին չունեն եզրակացություններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ