Աժ պատգամավոր, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամ Էդմոն Մարուքյանը՝ Իսրայելի քնեսեթի նախագահից ու վարչապետից նամակով պահանջել է դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը:
Հիշեցնենք՝ մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել իր հակատանկային լազերային հրթիռները:
Բացի Իսրայելից՝ պատգամավորը նամակ է ուղարկել նաեւ ՌԴ նախագահին, վարչապետին ու դումայի նախագահին: «Այս բոլորին նամակներով դիմել եմ՝ հիմնավորելով միջազգային իրավունքի տեսանկյունից, որ եթե պատերազմական հանցագործություններ իրականացնող երկրին զենք են վաճառում ու մինչ այս պահը չգիտեին դրա մասին, որ պատերազմական հանցագործություններ են անելու կամ կարող են անել, հիմա գիտեն: Եթե այսուհետեւ շարունակեն սպասարկել, իրենք նույնպես դառնում են այդ հանցագործությունների մեջ ներդրում ունեցող պետություններ: Հետեւաբար, պետք է կասեցնեն կնքված պայմանագրերը, եւ նույնիսկ վաճառված զենքն այլեւս չսպասարկեն», ասաց պարոն Մարուքյանը:
Պատգամավորը մտաբերեց, որ ժամանակին Պուտինը քննադատում էր Ուկրաինային, որ զենք է վաճառում Վրաստանին, ինչը կարող է հենց Ռուսաստանի դեմ կիրառվել. «Պուտինը նշել էր, որ դա հանցագործություն է: Դուրս է գալիս, որ եթե Ռուսաստանի դեմ ինչ-որ մեկին են զենք վաճառել, դա հանցագործություն է, բայց երբ Ռուսաստանն է վաճառում, դա հանցագործություն չէ: Բնականաբար, մեր պահանջները Ռուսաստանից ավելին են, քան Իսրայելից, որովհետեւ Իսրայելի պարագայում չունենք ռազմավարական գործընկերություն: Իսրայելը Հայաստանում չունի ռազմաբազա, համեմատելու բան չկա»:
Կարդացեք նաև
Պարոն Մարուքյանի խոսքով, Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն նույնպես պետք է հստակ պահանջներ ներկայացնի. «Պետք է համապատասխան նոտայով դիմեր ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Իսրայելին ու այն պետություններին, որոնք ռազմական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ եւ նշված խնդիրները բարձրացնեն: Ուսումնասիրում եմ նաեւ Բելառուսի հարցը՝ ոչ միայն որպես ԵԱՏՄ դաշնակից երկիր, այլեւ ՀԱՊԿ անդամ: Նույն խնդիրները նաեւ պետք է Բելառուսի առջեւ դնել ու նրանցից նույնպես պահանջել, որ զենք չվաճառեն, որովհետեւ այդ զենքով պատերազմական հանցագործություններ են իրականացնում իրենց դաշնակից պետության դեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ