Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիրավոր զինծառայողներին փորձել է քաշ տալով բերել խրամատ՝ դարձել է կրակի բաժին. Ճարատանյանին հուղարկավորեցին. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 11,2016 19:15

Այսօր Եռաբլուրում հողին հանձնեցին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված կամավորական, 61-ամյա Սուրեն Ճարատանյանին:

«Ինքը սրտի պրոբլեմ ուներ: Վերջին անգամ իր հետ խոսել եմ Ղարաբաղ գնալու ճանապարհին: Շա՜տ երջանիկ էր: Տեղյակ չենք եղել, որ գնալու է, ոչ մեկին ոչ մի բան չի ասել: Մամային է հրաժեշտ տվել հիվանդանոցում: Ես ինտերնետում նկար տեսա, որ գնում է Ղարաբաղ, զանգեցի, խոսեցինք: Ինքը միշտ երազել է հզոր Հայաստանի համար: Դրա համար երջանիկ էր, որ գնում է»,- մեզ հետ զրույցում պատմեց Սուրեն Ճարատանյանի աղջիկը՝ Աննան:

Հարազատները պատմեցին, որ Սուրեն Ճարատանյանի սիրտը 3 անգամ ստենտավորված է եղել. «Երիկամները վատ վիճակում էին, հազիվ քայլում էր ու էդ վիճակով գնաց: Ոչ մեկը չկարողացավ իրեն հետ պահել, կանգնեցնել: Իր կինը ծանր հիվանդ է, պառկած: Նույնիսկ դա նրան հետ չպահեց: Նա երդվյալ ազատամարտիկ էր: Կնոջ մոտ էր եկել՝ հիվանդանոց: Կինը խնդրել էր, որ համոզենք, չթողնենք մեկնի ճակատ: Մեզ չլսեց, խաբեց, ասաց՝ ուղղակի ցուցակագրվում եմ, չեմ գնա: Հետո լսեցինք, որ  հաջորդ օրն արդեն այնտեղ էր: Իրեն առաջարկել էին, ասել էին՝ պետք չի բարձրանալ դիրքեր, այստեղ էլ օգտակար կարող ես լինել՝ նա էլի չէր լսել»:

IMG_5466 IMG_5467 IMG_5473 IMG_5475 IMG_5480 IMG_5484 IMG_5485

Հորաքրոջ՝ Անահիտ Ճարատանյանի խոսքերով՝ «Սուրենը 3 աղջիկ ունի, ամեն մեկը իր երեխաներն ունեն: Իրեն թվաց, որ իր գործերը լրիվ արել, վերջացրել է, բոլորին իր նպատակին հասցրել է, մնում է իր կյանքը տա հայրենիքին: Մենք հպարտ ենք, որ Ճարատանյան ազգում հերոս ունենք: Ինքը տարիներով արդեն մարտնչել էր ղարաբաղյան պատերազմում, իր պարտքը կատարել էր, բայց նորից գնաց: Ինքը արժանի էր ապրելու, վայելելու կյանքը, որովհետեւ ինքը ինչքան պետք էր՝ հայրենիքին տվել էր, վերջում էլ իր կյանքը տվեց: Իր ամբողջ կյանքը մեր աչքի առաջ է: Ժպիտը դեմքին էր միշտ, հումորով: Ժպիտը դեմքին գնաց: Մենք կուզեինք, որ ժպիտը դեմքին էլ հետ գար, բայց… ինչ արած»:

Թե ինչ հանգամանքներում է զոհվել  Սուրեն Ճարատանյանը Թալիշում, հարազատներն այսպես պատմեցին. «Մարմնի վրա մի ամբողջ կրակահերթ է: Ասում են, որ նա ուզեցել է ջահել տղաներին՝ վիրավոր զինծառայողներին քաշել ու բերել խրամատ, որ օգնություն ցույց տան: Բայց չի կարողացել, իր վրա մի ամբողջ ավտոմատի կրակահերթ կա: Ուղղաթիռով բերել են Երեւան, դեռ ողջ է եղել: Ինչքան ուժեղ ոգի ունի, որ այդ հիվանդ սրտով դեռ այդքան դիմացել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930