Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարոյանը հավատում էր, որ կյանքը կարող է փոխվել դեպի լավը». Ռիչարդ Միլս

Ապրիլ 11,2016 18:44

«Վիլյամ Սարոյանը մեծ կամուրջ էր երկու ժողովուրդների՝ հայերի ու ամերիկացիների միջև»,- Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Դեսպանը նույնպես մասնակցում էր Ամերիկյան ազգային գրադարանային շաբաթվա (ապրիլի 10-16) միջոցառումների շրջանակում գրադարանի Ամերիկյան անկյունի կազմակերպած բարձրաձայն ընթերցանությանը, որի մասնակիցները փոխնիփոխ ընթերցեցին Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպն ամբողջությամբ:

«Սարոյանը լավատես էր,- շարունակեց նա.- հավատում էր, որ կյանքը կարող է փոխվել դեպի լավը, հատկապես պարզ, հասարակ մարդկանց համար: Նա հավատում էր մարդուն, համայնքին, հավատում էր բարուն և վստահ էր, որ հնարավորության դեպքում մարդը կկարողանա բարին արարարել: Սրանք, կարծում եմ, լավ սկզբունքներ, հրաշալի արժեքներ են, որոնց մասին մենք բոլորս պետք է հիշենք»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գրադարանային շաբաթվա նպատակը գրքի, գրականության, ընթերցանության, գրադարանների կարևորության մասին ևս մեկ անգամ ընդգծելն է:

«Վերջին տարիներին ավելի հաճախակի ենք լսում, որ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը մեզանում նվազել է: Իրականում, գիրքը թղթային տարբերակով ընթերցողների թիվն է պակասել: Հիմա ավելի շատ էլեկտրոնային տարբերակով են կարդում, իսկ դրանից ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում»,- նկատեց մեր զրուցակիցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930