Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքերը վեր է բարձրացրել, իբր հանձնվում է Ադրբեջանին, բայց պայթեցրել է նռնակը՝ հետը տանելով 10 ազերի (Տեսանյութ)

Ապրիլ 11,2016 17:57

Այսօր Եռաբլուրում հուղարկավորեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ Մարտակերտում հերոսի մահով զոհված 20-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին:

Մինչ Եռաբլուր կբերեին որդու դին, Աբաջյանի ծնողները գրկել, փաղաքշում ու գուրգուրում էին նրա լուսանկարը, սրտառուչ խոսքեր ասում: Մայրն ի վիճակի չէր անգամ որդու շիրիմին մոտենալ, վշտից ուշագնաց էր լինում:

Ծնողները ՌԴ-ում արտագնա աշխատանքի են մեկնել, որդուն չեն կարողացել համոզել ու տանել իրենց հետ: Պնդել է՝ պիտի ծառայեմ, սովորեմ:

Բժշկական ուսումնարանում սովորած զինվորը ստոմատոլոգ պիտի դառնար: Գերազանց է սովորել:

Նրա հարազատներից մեկը՝ Ռիտա Աբաջյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց. «Երբ զանգում էինք՝ ասում էր՝ բանակից գամ՝ բոլորիդ ատամները սարքելու եմ: Իմ ձեռքերի մեջ է մեծացել, այնքան դրական, այնքան նպատակասլաց երեխա էր: Ճարպիկ, առանց տղայական անկարգությունների: Ցավոք, այսպես եղավ, նպատակներն ի կատար չածվեցին: Արժանիքներն այնքան շատ են: Ամեն տեղ պատրաստ էր հասնել, օգնել, էս պահին էլ երեւի գլուխը դեմ է տվել: Իր բարությունը, մարդասիրությունը, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Իրենց բակը մտնեք, իրենց թաղը ու հարցրեք մենակ՝ «Մոնումենտցի Կյաժ»: Ինքը շեկլիկ էր, գեղեցկության տիպար, դեմքին նայեք՝ կտեսնեք: Իր խառնվածքն էնպիսին էր, որ ինքը հարցեր պիտի լուծի»:

Robert_Abajyan_6 Robert_Abajyan_5 Robert_Abajyan_3 Robert_Abajyan_2 Robert_Abajyan_7

Թե ինչ հանգամանքներում է զոհվել Ռոբերտ Աբաջյանը՝ Ռիտա Աբաջյանն ասաց. «Ասում են, որ երբ տեսել է, որ կողքը ընկերները չկան, ինքը ձեռքերը վեր է բարձրացրել ու առաջ է գնացել՝ իբր հանձնվում է հակառակորդին: Բայց երբ մոտեցել են, վերջին պահին պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, հետն էլ 10 ազերի սպանել: Ես այդ հերոսությունը գիտեմ: Հրամանատարները հանգամանքները գիտեն: Մենք իր խառնվածքը իմանալով՝ գիտեինք, որ ինքը փախչող, խուսափող չէր: Գիտեինք, որ դոշը դեմ տված կկանգներ թշնամու դեմ»:

Ռիտա Աբաջյանն ասաց, որ վերջին անգամ իր հետ խոսել է նոյեմբերի 16-ին՝ իր ծննդյան օրը. «Զանգահարեցինք, հարցրեցինք ո՞նց ես, ասաց՝ լավ եմ, հորքուր, ամեն ինչ լավ է: Բացարձակապես դժգոհ չէր ինքը: Էդ դժգոհությունը մեր մեջ է հիմա կուտակված: Ինքը գիտեր, որ ինքը լավ գործ է անում, լավ գործի համար է գնացել: Նվիրված ծառայում էր: Ծնողները ՌԴ-ում են, կարող էին փախցնեին, ո՞նց են սաղ փախած: Բայց էնքան մեջները ազգասիրություն, հայրենասիրություն կա, էդ ոգով ենք դաստիարակել, ասին՝ չէ, մնա, ծառայիր: Իր եղբայրն էլ Վարդենիսում էր ծառայում, նոր էր զորացրվել, իրենք իրար չեն էլ հանդիպել, որովհետեւ նա դեռ ծառայում էր՝ Ռոբերտիս տարան: Կարող էին իրեն տանել ՌԴ, քանիսն են փախած, բայց ինքն էլ չէր գնում»:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ռոբերտ Աբաջյանին հետմահու պարգեւատրել է Մարտական ծառայության մեդալով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930