2015 թ. օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ նրան դատապարտել 5 տարի ազատազրկման:
Դատարանը նույն հոդվածով մեղավոր է ճանաչել Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով («Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ») մեղավոր է ճանաչել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին եւ նրան դատապարտել 6 տարի, 6 ամիս ազատազրկման:
Քրեական գործն առնչվում է 2014թ. ապրիլի 1-ի երեկոյան «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցներին եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի քննությանը:
Դատավճռի հրապարակման օրը՝ օգոստոսի 5-ին սահմանամերձ Բաղանիս գյուղում Կոթիի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ սահմանամերձ Կոթիի բնակիչ Անդրանիկ Ազիբեկյանի դատավճռի դեմ բողոքելով՝ մի քանի ժամով փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:
Կարդացեք նաև
Ա. Խոջումյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, Ա. Ավետիսյանի պաշտպան Արմեն Ադամյանը եւ Ա. Ազիբեկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը առանձին-առանձին դիմել են վերաքննիչ դատարան:
2016թ. մարտի 29-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով հինգ տարվա ազատազրկման դատապարտված Իջեւանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանի պատժաչափը փոխել, այն դարձնել չորս տարվա ազատազրկում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով չորս տարվա ազատազրկման դատապարտված Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի պատժաչափը թողնել նույնը, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով վեցուկես տարվա ազատազրկման դատապարտված «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին ազատ արձակել:
Ուշագրավ է, որ այդ վճռի հրապարակումից 13 օր է անցել, սակայն դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգում դեռեւս տեղադրված չէ վերաքննիչ դատարանի կայացրած իրավական ակտը:
Անդրանիկ Ազիբեկյանի տիկինը՝ Քրիստինեն ասաց, որ Անդրանիկ Ազիբեկյանը դիմելու է վճռաբեկ դատարան:
Նշենք, որ նա նախաքննության եւ դատաքննության ընթացքում նա իրեն մեղավոր չի ճանաչել:
Անդրանիկ Ազիբեկյանը մասնակցել է Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթիի պաշտպանությանը: Անդրանիկի եղբայրը՝ Նոյեմբերյանի ՆԳ բաժնի աշխատակից Արմեն Ազիբեկյանը 1991թ. մայիսի 6-ին խորհրդային զինուժի հարձակումից Ոսկեպարի անտառում զոհվել է: Նա իր ծառայակից ընկերների հետ գնում էր սահմանը պաշտպանելու:
Ա. Ազիբեկյանի ընտանիքը սոցիալապես բարվոք վիճակում չէ: 43-ամյա Անդրանիկ Ազիբեկյանը 3 տղա ունի, որից ավագն այժմ ժամկետային զինծառայության մեջ է, միջնեկը սովորում է Իջեւանի վարժարանում, կրտսեր որդին 2 տարեկան է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ