Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 7 դեպք, որոնցից մեկը ապամոնտաժվել է: Զեկուցվել է նաև, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու՝ պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Ըստ այդմ, նախորդ ամսվա ընթացքում արձանագրվել է որոշումների պահանջների խախտման 37 դեպք:
Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման ուղղությամբ:
Անդրադառնալով «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրին` Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը զեկուցել է, որ այս օրերին շահագրգիռ տարբեր կողմերի մասնակցությամբ կազմակերպվել ու կազմակերպվում են հանրային քննարկումներ, որոնց վերջնարդյունքում կհստակեցվի նախընտրելի նախագիծն ու այն կներկայացվի հանրությանը:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 3 վարչական արձանագրություն և ապամոնտաժվել է չգործող 1 կրպակ: Նույն ժամանակահատվածում չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի մասով կազմվել է 44 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է խստացնել հսկողությունն ու պայքարը՝ համագործակցելով վարչական շրջանների հետ:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ծառերի գարնանային սանիտարական էտի շրջանակներում մայրաքաղաքում էտվել է 15 հազար ծառ: Ապրիլի 9-ին կայացած համաքաղաքային ծառատունկի շրջանակներում տնկվել է 15000 ծառ և 22000 թուփ: Նշվել է, որ ծառատունկը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը, զուգահեռ կիրականացվեն նաև շաբաթօրյակներ: Նաև զեկուցվել է, որ մայրաքաղաքի այգիներում և պուրակներում շարունակվում են մաքրման ու բարեկարգման աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ ոռոգման ցանցը ևս նախապատրաստել գործարկման, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մաքրվող ու բարեկարգվող տարածքների հետագա խնամքը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան