– Պարոն նախագահ, առանց չափազանցության, Ձեր նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը սենսացիոն անակնկալ էր բոլորի համար։ Ինչո՞վ դա կբացատրեք։
– Իմ գործունեությանը հետեւած մարդկանց համար դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով։ Հիշեք 1999թ. հոկտեմբերի 28-ի իմ հայտարարությունը, «Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրին» նվիրված հրապարակային առաջարկս, եւ վերջապես, Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 2-ի՝ իմ հավանությամբ ընդունված հայտարարությունը։
– Իսկ ինչպե՞ս Սերժ Սարգսյանին փոխանցեցիք հանդիպման առաջարկը՝ միջնորդի միջոցով, թե՞ անմիջականորեն։ Գուցե սա մանրուք թվա, բայց ամեն դեպքում հետաքրքիր է հասարակության համար։
– Այս հարցում ոչ մի խորհրդավորություն չպետք է փնտրել։ Քանի որ ես բաց, ոչ կուլիսային քաղաքականության կողմնակից եմ, հասարակությունից թաքցնելու բան չունեմ։ Ապրիլի 5-ին ես Սերժ Սարգսյանին ուղարկեցի հետեւյալ ձեռագիր նամակը. «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։ Որպես պրոպագանդիստական հնարքներ այդ գաղափարները, թերեւս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետեւանք։ Հանդիպման վայրի ու ժամի ընտրությունը մնում է քո հայեցողությանը։ Հանդիպման փաստի հրապարակման մեջ ազատ ես նշելու, որ այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Տեսանյութի կամ լուսանկարի կարիք չկա, քանի որ, գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում»։
Կարդացեք նաև
Քանի որ հաջորդ օրերին Սերժ Սարգսյանը լինելու էր Գերմանիայում, նա ինձ հեռախոսով պատասխանեց, որ կհանդիպենք վերադառնալուց հետո իմ տանը, ինչը եւ տեղի ունեցավ։
– Այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունների եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ Ձեր ունեցած չափազանց բարդ հարաբերությունների, փոխադարձ խիստ մեղադրանքների առկայության պարագայում անհնար էր պատկերացնել, որ մեր իրականության մեջ այդպիսի քաղաքակիրթ հանդիպում կարող է կայանալ, ինչը պատիվ է բերում թե՛ Ձեզ, թե՛ Սերժ Սարգսյանին։
– Նախ՝ քաղաքական վարվեցողության ասպարեզում ոչինչ անհնար չէ, եւ երկրորդ՝ ինչն անհնար է թվում մեր իրականության մեջ, ամենեւին անհնար չէ նորմալ, կայացած պետություններում։ Արտաքին վտանգի առաջացման դեպքերում այդպիսի երկրներում սովորաբար, կամ որպես կանոն, ներքին հակասությունները ժամանակավորապես մի կողմ են դրվում եւ բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերի ջանքերն ուղղվում են ազգային միասնության կայացմանն ու վտանգի համատեղ դիմակայմանը։ Եթե մեզ մոտ դեռ, ցավոք, այդպես չէ, ապա դա բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ լինելով ընդամենը 25 տարվա անկախությամբ օժտված պետություն, մեզ մոտ առայժմ բացակայում են պետական մտածողության անհրաժեշտ ավանդույթները։ Թեեւ այս առումով բավականին հուսադրող պետք է համարել ղարաբաղա-ադրբեջանական վերջին ռազմական դիմակայության օրերին Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական խավերի եւ ազատամարտիկների ինքնաբուխ համախմբման օրինակելի դրսեւորումը։
– Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ զինադադարի լուրջ խախտումները կրկնվեն։
– Քանի որ հրադադարը կնքվեց Ռուսաստանի միջամտությամբ, դա նշանակում է, որ, մանր-մունր փոխհրաձգությունները չբացառած, Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումները։ Որպես հետեւանք, այս հանգամանքը, բնականաբար, մեծացնում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։
– Ի՞նչ դիրք պետք է որդեգրի հայկական կողմը սպասվող բանակցություններում, եւ ի՞նչ պարտավորություններ պետք է ստանձնեն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու հասարակությունը տվյալ խնդրում։
– Հայկական կողմը, բնականաբար, կոշտ, բայց կառուցողական մոտեցումով բանակցությունների արդյունքում պետք է ձգտի ձեռքբերել հնարավոր առավելագույնը։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի եւ հասարակության դերակատարությանը, ապա դա պետք է լինի ներքին տարաձայնությունները ժամանակավորապես սառեցնելուց եւ ազգային համախմբվածությունից բացի, ոչինչ ավելի։ Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու եւ նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։
Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ։ Պաշտոնի բերումով այդ պատերազմի հրամանատարները մեր կողմից լինելու են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Եթե անգամ Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը (ի դեպ, ես պայմանավորվածություն ունեմ հանդիպելու նաեւ վերջինիս հետ)։
Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը։ Բայց, միաժամանակ, արտաքին վտանգի պահերին կարիքն ունենալով այդ աջակցությանը, նրա գլխավորած վարչախումբը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել, դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ։
Իշխանությունների եւ հասարակության հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե միակողմանի վերաբերմունքի, այլ փոխվստահության եւ փոխաջակցության վրա։ Չի կարելի անհոգության ժամանակներում արհամարհել ժողովրդին ու ընդդիմությանը, իսկ դժվարին պահերին ակնկալել նրանց աջակցությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում