Ի աջակցություն Արցախում զոհված Քյարամ Սլոյանի ընտանիքի` ստեղծվել է համանուն նախաձեռնություն: Ապատեղեկատվությունից, կեղծիքներից խուսափելու նպատակով Facebook.com սոցիալական կայքում Քյարամ Սլոյանի անվամբ էջ է բացվել: Հենց այս էջում էլ հայրենիքի համար իր կյանքը նվիրաբերած եզդի զինծառայողի ընտանիքին աջակցություն ցուցաբերողները կարող են համապատասխան տեղեկատվություն ստանալ:
«Նոյյան տապան» մամուլի սրահում հայկական համայնքի ներկայացուցիչ Կարո Ղուկասյանը տեղեկացրեց, որ ֆեյսբուքյան էջում ներկայումս մեկ հաշվեհամար կա, որը շուտով փոխարինվելու է Քյարամ Սլոյանի ընտանիքի անձնական հաշվեհամարով, իսկ էջում պարբերաբար հաշվետվություն է ներկայացվելու հավաքագրված գումարների և կատարված աշխատանքների վերաբերյալ:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին տեղեկացրեց, որ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հաջողվել է վերադարձնել Քյարամ Սլոյանի գլուխը և կատարել վերահուղարկավորում:
Դառնալով Ադրբեջանի կողմից կատարված վայրագություններին, այդ թվում նաև եզդի զինծառայողի նկատմամբ կատարվածին, Բորիս Մուրազին նշեց. «Ադրբեջանական բանակը ոչնչով չի տարբերվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Անգամ պատերազմն ունի որոշակի օրենքներ, մասնավորապես, հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողներին մահվանից հետո չեն խոշտանգում, մինչդեռ Քյարամ Սլոյանին գլխատել են և գլուխը տարել իրենց հետ: Քյարամ Սլոյանն այն քիչ զինծառայողներից է եղել, ով չի ենթարկվել իր հրամանատարի` ետ դարձի հրամանին և մնացել է նրա կողքին` մինչև վերջ պայքարելով թշնամու դեմ: Ենթադրում եմ, որ թշնամին Քյարամից պարզապես վրեժ է լուծել, քանի որ վերջինս եղել է գնդացրորդ և հասցրել է մեծ վնասներ պատճառել հակառակորդին»:
Կարդացեք նաև
Հարցին` արդյոք դիմելո՞ւ են միջազգային դատարան, Բորիս Մուրազին պատասխանեց. «Հավաքված բավականին փաստեր, հրապարակումներ, տեսանյութեր կան, այդ քայլը, միանշանակ, կլինի: Բայց այժմ չենք ուզում մանրամասնել, քանի որ բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը բազում միջոցներ ունի և կարող է հակազդել»:
Անդրադառնալով Քյարամ Սլոյանի կատարած հերոսությանը` Բորիս Մուրազին նշեց. «Սա ոչ թե լավություն էր, այլ պարտականություն, քանի որ մենք որպես բարեկամ երկրներ` պարտավոր ենք միմյանց աջակցել ու ձեռք մեկնել, որ աշխարհն էլ իմանա, որ միասին ենք փորձելու ճանապարհ գնալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի