«Մենք ակտիվորեն ձեւավորում ենք մեր ներկան եւ ապագան: ՀՀ-ն իր ստեղծման առաջին օրից օբյեկտից փորձում է սուբյեկտ դառնալ, քաղաքական գործոն դառնալ տարածաշրջանում: Այս կարճատեւ պատերազմը ապացուցեց, ինքներս մեզ, եւ աշխարհին ապացուցեցինք, որ մենք գործոն ենք եւ մասնակցում ենք նոր Մերձավոր Արեւելքի ձեւավորմանը»,- «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն`անդրադառնալով ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած չորսօրյա պատերազմական գործողություններին եւ դրա արդյունքում ընթացող զարգացումներին:
«Մենք տեր ենք մեր ճակատագրին, մեր հայրենիքին եւ ուզում ենք առաջ գնալ: Հարավային Կովկասի համար մենք վերանայում ենք առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները: 1921 թվականին բոլշեւիկյան Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի միջեւ կնքված դաշինքի արդյունքները»,- ասաց Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ կողմ է Մինսկի խմբի հայտարարությանը`տարածքների անձեռնմխելիության, ուժի սպառնալիքի բացառման եւ ինքնորոշման իրավունքով. «Ես դա այսպես եմ ընկալում`ԼՂՀ-ում արգելված է ուժ կիրառել, տարածքները խախտել, իսկ ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի»:
Ազատ Արշակյանը դրական է վերաբերվում այն փաստին, որ ՀՀ իշխանությունն ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաձայնում է մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Նա գտնում է, որ տրամաբանական կլինի, եթե ՀՀ վարչապետն էլ չմասնակցի Երեւանում չեղյալ հայտարարված ու առաջիկայում Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ վարչապետների նիստին: Ավելին, ըստ նրա, ՀՀ վարչապետը ներողություն պիտի խնդրի, որ կողմ էր Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուն:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Ի դեպ, Ազատ Արշակյանն ասուլիսից մեկնեց ռազմաճակատ`անկախականների խմբի հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ