Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահագն Չախալյան. «Պարոնայք, դուք սատարում եք խաղաղ բնակչության վրա գիշերով հարձակված ավազակախմբերին»

Ապրիլ 11,2016 14:44

Արձագանք Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և նրա ներկայացուցիչ Գ. Գաբաշվիլու անպատասխանատու հայտարարությանը

Ուրախ կլինեինք, եթե «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, համապատասխանաբար Ուկրաինայում և Վրաստանի խորհրդարանում արված, ազգամիջյան ատելություն սերմանող և ակնհայտ սադրիչ նպատակներ հետապնդող հայտարարություններ տարածելու կապակցությամբ, սաստեր իր համակուսակիցներին՝ «Վրացական լեգեոնի» ղեկավար Մամուկա Մամուլաշվիլուն և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ազեր Սուլեյմանովին: Հատկապես վերջինիս, որը հայտարարեց բառացիորեն հետևյալը. «Ես մտադիր եմ վերականգնել իմ գումարտակը և նրա հետ միասին ուղևորվել դեպի Լեռնային Ղարաբաղ…»: Այդուհանդերձ, Մ. Սահակաշվիլու թուրքամետ քաղաքական գիծն առաջ տանող կուսակցությունն իր անդամների հայտարարություններով, որն ընկալվում է որպես այդ քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշում, առավել սրում է տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակը:
Տպավորություն է ստեղծվում, որ և՛ Գաբաշվիլին, և՛ «Միացյալ ազգային շարժումը» ընդհանրապես մոռացել են, որ իրենք վրաստանյան քաղաքական կուսակցություն են, մի հանգամանք, որը թույլ չի տալիս լինել կողմնակալ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:

Ցավոք, ֆինանսավորվելով թուրք-ադրբեջանական դաշնազույգի ընկերությունների կողմից և Վրաստանում իրականացնելով վերջինիս հակահայ ծրագրերը, Գաբաշվիլին և «Միացյալ ազգային շարժումը» չեն գիտակցում, թե ինչ վտանգներով են հղի կողմնակալ և առանց այդ էլ սրված իրավիճակն առավել սրող նման հայտարարությունները:
Պարոնայք, դուք սատարում եք խաղաղ բնակչության վրա գիշերով հարձակված ավազակախմբերին, դուք սատարում եք իրենց սեփական տներում խաղաղ ապրող տատիկներին և պապիկներին դաժանաբար կտտանքների ենթարկած և անմարդկայնորեն գնդակահարած ահաբեկիչներին: Վերջապես դուք սատարում եք «Իսլամական պետության» գրոհայիններին, ովքեր, Սիրիայում անելիք չունենալով, տեղափոխվել էին արցախյան առաջնագիծ: Դուք հայտարարում էիք, որ պետք է գնաք… բա գնայիք, ո՞վ էր ձեր ձեռքից բռնել, ձեր տեղը հազիվ էլ իսլամական գրոհայինների կողքին լինելն է:
Հասկանալի է, որ մոտենում են Վրաստանի խորհրդարանական ընտրությունները և, ինչպես «Միացյալ ազգային շարժմանը», այնպես էլ նրա ստվերային ղեկավար Մ. Սահակաշվիլուն, ինչու չէ նաև նույն տխրահռչակ Գաբաշվիլուն անհրաժեշտ են դրամական միջոցներ: Սակայն Վրաստանի ապագայով մտահոգ ցանկացած մեկը ձեր փոխարեն աղոթք կաներ առ Աստված, որ Հայաստանը երբևիցե չպարտվի, որ Հայաստանը երբևիցե մեկ թիզ անգամ չնահանջի: Ձեր պապերը նման օրհասական ժամերին ոչ միայն հային թիկունքից չեն հարվածել, այլև պայքարել են՝ մեզ հետ կողք-կողքի, ուս-ուսի տված: Պարոնայք «միշիստականներ», հակառակ ձեր նավթադոլարների փայլից մթագնած գիտակցությանը, նրանք լավ են գիտակցել, որ Հայաստանը պողպատե ոսկոր է օսմանական հավակնություններ ունեցող երկու թուրք ժողովուրդների կոկորդին, և Աստված մի արասցե. եթե նրանց հաջողվի կուլ տալ այդ պողպատյա ոսկորը, դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ կարող է լինել մեր ընդհանուր հայրենիք Վրաստանի հետ…

Ջավախքահայությունը դեռևս իր համարժեք գնահատականը կտա «Միացյալ ազգային շարժմանն» ու իր արկածախնդիր ներկայացուցիչներին:
Վահագն Չախալյան
11.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930