«Այն աննախադեպ միասնության դրսեւորումը, որի ականատեսն ենք այս վերջին օրերին եւ բոլոր բնագավառներում, այդ հանդիպումը դրա բնական շարունակությունն էր»,- «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն` անդրադառնալով ՀՀ առաջին եւ երրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի շաբաթ երեկոյան կայացած հանդիպմանը:
Հանդիպումը, հիշեցնենք, տեղի էր ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: Սերժ Սարգսյանն այցելել էր Տեր-Պետրոսյանի տուն:
«Ես շատ ուրախ եմ, որ մեր առաջին նախագահը եւ գործող նախագահն ունենալով բազմաթիվ տարաձայնություններ տարիների ընթացքում, ազգի համար կարևորագույն այս շրջանում կարողացան բարձր դասել ազգային, գերակա շահը»,- ասաց Գագիկ Մինասյանը: Նա կարծում է, որ այդ հանդիպումը զուտ խորհրդանշական չի կարող լինել երկուսն էլ քաղաքական գործիչներ են, խորհրդարանական ուժերի ղեկավարներ:
Aravot.am-ի հարցին`ո՞ւր է երկրորդ նախագահը: Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Իրեն հարցրեք»:
Կարդացեք նաև
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը երկու նախագահների հանդիպումը համարում է համերաշխության ակցիա. «Այս պահին մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ, մեր բոլոր տարաձայնությունները հետաձգված են: Դրա համար ես շատ ուրախ եմ եւ ոգեւորված եմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ