Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի` երեք քայլի կոմբինացիան և Ռուսաստանի կեցվածքը

Ապրիլ 11,2016 13:34

Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այն մարդիկ չեն, որոնք պետք է մեղադրեն այս կամ այն կողմին, այլ նրանց խնդիրն է` ինչ-որ կերպ վերականգնել բանակցային գործընթացը:

«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Իսկանդարյանը, խոսելով ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանի հետագա քայլերի մասին, շեշտեց, թե հիստերիան լավագույն լուծումը չէ:

Հարցին` այս իրավիճակում հնարավո՞ր է ԼՂՀ-ին բերել բանակցային սեղան, պարոն Իսկանդարյանը պատասխանեց, թե խիստ կասկածում է, որ հատկապես այս փուլում դա տեղի կունենա:

Իսկ ՀՀ վարչապետի` ԵՏՄ վարչապետների հավաքի մասնակցության մասին քաղաքագետը կարծիք հայտնեց, թե պետք է համագործակցել, ինչ-որ ձևով փորձել այս իրավիճակից դուրս գալ:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով համանախագահների մանդատին, ասաց. «Մանդատն իրենց պարտավորությունն է, մանդատը պարտավորեցնող փաստաթուղթ է: Իհարկե, մենք չենք ասում, որ իրենք հայտարարեն, թե ով է առաջինը կրակել, բայց իրենք պետք է համաձայնվեն ու բերեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են առանց իրենց կարգավորել իրավիճակը: Պարտավոր են գործադրել հրադադարի ռեժիմի ամրացման ուղղությամբ գործողություններ, սա է, որ չի արվել: Պետք է համանախագահներից պահանջել, որ գնահատական տրվի Ադրբեջանի բոլոր գործողություններին, մեխանիզմը դրա ցույց տան: Հակառակ դեպքում սա երեք քայլանոց կոմբինացիայի է նմանվում: Ադրբեջանը սկզբում ասում է` իմ իրավունքն է, երկրորդում վայրագություններ է անում, երրորդ քայլով ասում է` տեսեք ինչ վայրագ է ձեր դիմաց կանգնած»:

Տիկին Ալավերդյանը շեշտեց, թե Մինսկի խմբում բոլորն էլ գիտեն այս ամենի մասին, ուղղակի մեզ են դնում, մեղմ ասած, չիմացողի տեղ. «Մենք Մինսկի խմբին ասում ենք` դուք մեզ մի պարտադրեք, ինչը պարտադրելի չէ: Ոչ մի դեժավյուի խնդիր չկա: Ժամանակին` 1992-ին, ավագ գործադիր անձանց կոմիտեից, որ եկել էին, փետրվարի 28-ին իրենց առաջին նյութն են հրապարակել, ասել են, թե շուտափույթ պիտի դադարեցվեն բռնությունները: Շուտափույթը 24 տարի է տևո՞ւմ: Կան հարյուրավոր մեխանիզմներ ու կազմակերպություններ, որոնց պետք է դիմենք ու պահանջենք այն, ինչ գրված է իրենց նյութերում»:

Ադրբեջանի` սահմանին լարվածության պահպանումը Ալեքսանդր Իսկանդարյանը համարում է այդ երկրի միակ գործիքը. «Եթե Ադրբեջանը դադարի կրակելը, իր և այս հակամարտության մասին լրիվ կմոռանան: Ադրբեջանը, Սիրիայի, Ուկրաինայի, նավթի գների անկման ֆոնին, իրավիճակի վրա ազդեցության այլ գործիք չունի»:

Քաղաքագետը հիշեցրեց նաև տարածաշրջանում Ռուսաստանի հետաքրքրությունները. «Հայաստանի վրա ազդեցության առումով Ռուսաստանն ունի երկու ոլորտ` էներգետիկան ու սպառազինությունը: Ադրբեջանինը միայն մեկն է. Այստեղ, ինչպես Հայաստանի պարագայում, գազի գին չկա, ազդեցության միակ ոլորտը զենքի վաճառքն է: Այդ պատճառով էլ Ռուսաստանը կշարունակի համագործակցել, և ազդեցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի վրա կշարունակի: Բայց զենք գնելու համար Ադրբեջանի փողերն են վերջացել»:

Հակամարտության կարգավորման և Ռուսաստանի հետագա կեցվածքի վերաբերյալ պարոն Իսկանդարյանը նշեց, թե ՌԴ-ն կփորձի հակամարտության կարգավորումը հասցնել մի փուլի, որ գոնե վայրագություններ չլինեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930