Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Ադրբեջանը կփորձի հարմար պահ գտնել եւ գնալ ռեւանշի» (Տեսանյութ)

Ապրիլ 11,2016 13:14

«Այսօր չի կարելի ասել, որ չորսօրյա պատերազմն ավարտված է: Մեր հակառակորդը խոցված է, բայց նրանից կարելի է ամեն ստոր քայլ սպասել»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` հավելելով, որ միջազգային հանրությունն իր պասիվ կեցվածքով տարիներ շարունակ չօժանդակեց հարցի քաղաքական լուծմանն, ավելին, ջուր լցրեց ագրեսորի ջրաղացին, որը խախտում էր ուժ չկիրառելու սկզբունքը: Արդյունքում, ադրբեջանական իշխանությունները գնացին այդ արկածախնդրությանը:

Գագիկ Մինասյանը մի փոքր անտրամաբանական է համարում տեսակետը, որ այս պատերազմին Ադրբեջանին դրդել է Թուրքիան` նպատակ ունենալով ՌԴ-ի դեմ Հարավային Կովկասում ծանր կացություն ստեղծել: Ըստ նրա, դա տրամաբանական կլիներ, որ Թուրքիան նման քայլ աներ սիրիական գործողությունների թեժ շրջանում:

Գագիկ Մինասյանը մի բան հստակ է արձանագրում`երբ Ադրբեջանը հարձակվեց, ռազմական հավասարակշռությունը խախտված էր. 200 միլիոն դոլարի սպառազինությունը, որը մենք պիտի ստանայինք ՌԴ-ից, հասկանալի պատճառներով ուշանում էր ու իր տեղեկություններով, այդտեղ պիտի լինեին անօդաչու սարքերի դեմ սարքեր: Գագիկ Մինասյանի տեղեկություններով, ի դեպ, այդ զենքն արդեն Հայաստանում պետք է լինի:

ՀՀԿ-ական պատգամավորը ենթադրում է, որ ԱՄՆ կատարած իր այցից Ալիեւի սպասելիքները չեն իրականացել կամ տեղեկացել է, որ որոշակի քայլեր են սպասվում, որոնք իրենց շահից չեն բխում: Առաջինը` հստակ հայտարարություն ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից`երեք սկզբունքների գերակայություն եւ ուժի կիրառման բացառման մասին եւ շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրում:

Եթե Ադրբեջանը լիներ ժողովրդավարական երկիր, Գագիկ Մինասյանի կարծիքով, ապա քսան տարի իր ժողովրդին խաբած իշխանությունը պետք է հեռանար: «Բայց, կարծում եմ, Ադրբեջանը կփորձի հարմար պահ գտնել եւ գնալ ռեւանշի`լրացնելով նաեւ կորցրած ռազմական տեխնիկան ու զինատեսակները»,- ասաց նա:

Այն վայրագությունները, որոնք իրականացրեց Ադրբեջանը, իշխանական պատգամավորի կարծիքով պետք է հիմք հանդիսանան շփման գծում հետաքննական մեխանիզմների տեղադրման համար, միջազգային հանրության կողմից արգելվի ագրեսորին զենք վաճառելը կամ դատապարտի այն երկրներին, որոնք զենք են վաճառում ագրեսորին:

Միայն արտաքին խնդիրները չէ, որ այս ֆոնին կարեւորում է իշխանական պատգամավորը. «Մենք ներքուստ էլ ունենք խնդիրներ, որոնք պարտավոր ենք հաղթահարել, որպեսզի հասարակությունը միահամուռ լինի, եւ ժողովուրդը հասկանա, որ իր բոլոր խնդիրները լուծողն իր պետությունն է»:

Գագիկ Մինասյանը կարծում է, որ ՌԴ-ն պետք է վերագնահատի Ադրբեջանին զենք վաճառելու իր մոտեցումը, քանզի դա անթույլատրելի է, ուստի ակնհայտ դարձավ, որ այդ զենքը հենց Հայաստանի դեմ է կրակելու՝ հակառակ ռուսական կողմի հավաստիացումների:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930