Լրահոս
Օրվա լրահոսը

Նոբելյան 5 մրցանակակիրներ դասախոսություն կկարդան Հայաստանում (Տեսանյութ)

Ապրիլ 11,2016 13:11

Ապրիլի 11-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) հրավիրված ասուլիսը նվիրված էր «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառմանը, որի շրջանակում Նոբելյան 5 մրցանակակիրներ՝

Ահարոն Չիհանովերը, Ադա Յոնաթը, Դեն Շեխտմանը, Ջոն Ռոբին Ուորենը, Էյ-Իշի Նեգիշին կհյուրընկալվեն Հայաստանում, հանդես կգան դասախոսություններով:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ծանոթացրեց այն ծրագրի հետ, որը նախաձեռնել էին երկու տարի առաջ, տեղեկացրեց, որ Նոբելյան դափնեկիրներն ապրիլի 12-ից կսկսեն իրենց դասախոսությունները, որոնք կվերաբերեն այն ուղղություններին, որոնցում գրանցած բարձր արդյունքների համար են այդ գիտնականներն արժանացել Նոբելյան մրցանակի:

«Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ ողջ միջոցառումը բաղկացած է երկու բաղադրիչից. ապրիլի 12-ին Մարզահամերգային համալիրում մրցանակակիրները հանդես կգան չորս դասախոսություններով, հաջորդ երկու օրերին՝ կներկայացնեն իրենց Նոբելյան դասախոսությունները:

Նոբելյան մրցանակակիրներից երեքը Իսրայելից են, մեկը ճապոնացի է, մյուսը Ավստրիայից: Միջոցառման հիմնական կարգախոսն է՝ «Ոգեշնչվիր եւ ստեղծիր»:

«Հիմնական թիրախային խումբը ուսանողներն են, առաջին անգամ ներգրավել ենք նաեւ աշակերտներին: Ապրիլի 14-ին հանդիպում է կազմակերպելու զուտ աշակերտների հետ, կիզակետում են լինելու ինչպես մարզային, այնպես էլ երեւանյան դպրոցի աշակերտները: Մենք փորձում ենք աշխարհին ցույց տալ, որ աշխարհի գիտական կենտրոններից մեկն ենք»,-ասաց պարոն Ենկոյանը:

Ինչ վերաբերում է հայաստանյան գիտնականներին, նրա խոսքով, Հայաստանի գիտնականների պարագայում ունենք ճանաչողության խնդիր: «Այսօրվա գիտությունը լուրջ գումարներ է»,-ասում է նա:

Միջոցառման կազմակերպիչները փաստում են, որ միակ երկիրը, որ 66 տարի շարունակ «Նոբելյան օրեր» է կազմակերպում, որը ֆինանսավորվում է հզոր բանկերի կողմից՝ Գերմանիան է:

Միքայել Նարիմանյանը նշեց, որ իրենց նպատակն է, որ Նոբելյան մրցանակակիրների մոտ հետաքրքրություն առաջանա մեր գիտնականների հանդեպ եւ գուցե նրանք հետագայում կարողանան ընդգրկվել մրցանակակիրների գիտահետազոտական խմբերում:

«Նոբելյան մակարդակի մարդը ներկայացնում է ամեն ինչ այնպես, ինչպես ինքն է տեսնում: Կա մի ասացվածք՝ տաղանդավոր մարդն այն թիրախին է հասնում, որ ուրիշները չեն կարողանում հասնել, իսկ հանճարեղները կարողանում տեսնել այն այդ թիրախները, որ ուրիշները չեն կարող տեսնել: Մեզ համար իրենց տեսածն է կարեւոր…Նոբելյան մրցանակակիրները դասավանդելու են այստեղ, ներկայացնելու են իրենց Նոբելյան դասախոսությունները, իսկ դասախոսությունը միայն բովանդակություն չէ, այն լուրջ արվեստ է, դաս է ոչ միայն ուսանողության համար, այլեւ վարպետության դասընթաց ՝դասախոսների համար»,- կարծում է բժշկական համալսարանի ռեկտորը

Նախաձեռնության մասնակից, 12-րդ դասարանի աշակերտ Քրիստինե Ալեքսանյանը նշեց, որ Նոբելյան մրցանակակիրների ելույթները բազմիցս դիտել է համացանցով ու կարծում է, որ նրանք մատչելի են ներկայացնում իրենց ասածը: «Շատ երիտասարդներ երազում են հանդիպել աստղերի, մեզ համար իսկապես հնարավորություն է ընձեռված հանդիպելու իրական աստղերի: Անգամ շատ հզոր երկրների աշակերտներ նման հնարավորություն չունեն»,- ասաց դպրոցականը:

Նախաձեռնության մասնակից, ԵՊԲՀ ուսանող Մարիամ Մովսիսյանը կարեւորեց միջոցառումը՝ ոչ միայն դասախոսություններին ներկա գտնվելու տեսանկյունից: Նա կարծում է, որ նման գիտնականների հետ շփվելը մեծ ոգեւորություն կլինի: Մարիամը նշեց, որ միջոցառմանը մասնակցելու համար աննախադեպ թվով ուսանողներ են ներգրավել ոչ միայն բժշկական համալսարանից, այլեւ այլ բուհերից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930