Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Կարապետյան. Այս պատերազմի դիվանագիտական պայքարի մասին

Ապրիլ 11,2016 12:32

Եվս մեկ անգամ խոնարհվելով մեր ազգի թիվ մեկ պարծանքի և հպարտության՝ հայ զինվորի առջև, ուզում եմ 2 խոսքով կիսվել պայքարի մեկ այլ փուլի՝ դիվանագիտականի մասին։

Ընկերներիցս շատերն այս օրերին արտահայտվել են այս թեմայով, բայց քանի որ հարցն ինձ էլ անտարբեր չի թողնում, և քանի որ շատերից ավելի լավ եմ ծանոթ այդ ոլորտին, ցանկացա անդրադառնալ արտաքին գործերի աշխատանքին:

Միանգամից ասեմ, որ նպատակ չունեմ պաշտպանել մեր դիվանագետներին (քանզի նրանք դրա կարիքը չունեն), այլ զուտ ինձ քաջ ծանոթ փաստերն եմ արձանագրում:

Եվ ուրեմն.
– Վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ՀՀ և ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունների կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել` ուղղված աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համապատասխան աշխատանքներ մղելուն, բոլոր կարևորագույն մայրաքաղաքներում և միջազգային հարթակներում մեր դիրքորոշման ճիշտ ներկայացմանը և իրադարձությունների վրա ազդելուն, և սա արվել է Արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ։

– Արտերկրում մեր բացառապես բոլոր դեսպանություններն իրադարձությունների առաջին ժամերից 24 ժամյա նոն-ստոպ ռեժիմով աշխատել են դեպքերի օբյեկտիվ զարգացումներն իրենց մայրաքաղաքներում ներկայացնելու ուղղությամբ:

– Հատկապես վերջին օրերի ընթացքում տեղեկատվական հսկայածավալ աշխատանք է տարվում տեղեկատվական դաշտի հետ աշխատող մեր դիվանագետների կողմից: Եվ նրանց հաջողվել է սակավ ռեսուրսներով գերազանց հակազդում ապահովել հակառակորդի` լուրջ ֆինանսավորում ստացող մեծաթիվ տեղեկատվական խմբերին:

– Հետաքրքիր է` ի՞նչ են պատկերացնում շատերը` «ավելի ակտիվ լինել» արտահայտության տակ: Կարևոր է շատ հստակ հասկանալ, որ եթե մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ ես, կամ բրուտ-ատաղձագործ, ապա հավանականությունը, որ մեր դիվանագիտության անելիքների վերաբերյալ ավելի ճիշտ մոտեցումներ ունես, քան ոլորտի պրոֆեսիոնալները, զրոյական է:

– Եվ իրոք, դիվանագետի աշխատանքն ամենաանշնորհակալներից է: Եթե մեր զինվորների սխրանքներին տեղում ենք իրազեկվում ու հպարտանում դրանցով, ապա դիվանագետների աշխատանքը դրական է հենց այն ժամանակ, երբ այն հնարավորինս անտեսանելի է արվում: Ինչքան էլ շատ բարձրագոչների դուրը չգա, բայց այս դաշտում չունենք աջուձախ PR-վողներ, այլ անձնվիրաբար ու լուռ իրենց աշխատանքն անող մասնագետներ: Ասեմ ավելին՝ վտանգավոր է բարձրաձայնել դիվանագիտական աշխատանքների մասին։

Անձամբ լավատեղյակ լինելով թե՛ ԱԳՆ կենտրոնական ապարատի, թե՛ արտերկրում մեր դեսպանությունների գործունեությանը` կարող եմ հավաստիացնել, որ մերոնք այսօր աշխարհում ոչ մի երկրի դիվանագետների չեն զիջում իրենց մասնագիտական որակներով:

Ուրեմն եկեք մեզ դուր չեկող երևույթների համար քարկոծման օբյեկտներ չփնտրենք ինքներս մեր մեջ: Հատկապես այս շրջանում շատ կարևոր է դադարել ներքին թշնամիներ փնտրելը: Դա ում ասես ձեռնտու է, բայց ոչ մեզ:

Արտաքին ոլորտում աշխատողների շուրջ հիմա ևս պետք է համախմբվել. թե ԱԳՆ, թե խորհրդարանական դիվանագիտական հարթակներում և թե Սփյուռքի մեր կառույցների աշխատանքներում։ Սա ևս մեկ ճակատ է այդ նույն նենգ թշնամու դեմ։

Նաիրա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930