Քաղաքացի Հայկ Է.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Հայկ Է.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Վայք քաղաքի Շահումյան փողոցում իր վարած «Մերսեդես բենց» մակնիշի և քաղաքացի Գևորգ Խ.-ի վարած «ՎԱԶ 21-213» մակնիշի ավտոմեքենաների վթարի վերաբերյալ վարչական վարույթով նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարույթի իրականացման և վերլուծության բաժնի ծառայողը դեպքի վայրի զննության արձանագրությունում կեղծել է ընթերակայի ստորագրությունը և Գևորգ Խ.-ից վերցրել է նրան ձեռնտու ելակետային տվյալներով այնպիսի բացատրություններ, որոնց հիմք ընդունվելու պարագայում, հնարավոր չլինի ապացուցել վերջինիս մեղավորությունը: Արդյունքում՝ ինքը զրկվել է վթարի հետևանքով իրեն պատճառված մոտ 1 մլն. 500 հազ. ՀՀ դրամ նյութական վնասի փոխհատուցում ստանալու հնարավորությունից:
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ