Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Պաշարված ամրոցի» վտանգները

Ապրիլ 11,2016 11:53

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ղարաբաղյան ճակատի վերջին իրադարձությունները և հայ հասարակությանը ամբողջությամբ չբավարարող միջազգային արձագանքը հանրային ընկալումներում առաջնագիծ են հանում «հույսներս միայն մեզ վրա պետք է դնենք» եզրույթը:

Անառարկելի է, որ հայկական պետությունների իրական տերը ժողովուրդն է, իսկ գոյության երաշխավորը՝ մեր զինված ուժերը, որոնց հերոսական և անձնատուր կեցվածքը, աննախադեպ հասարակական կոնսոլիդացիան և քաղաքական կոնսենսուսը դարձան այս պատերազմում մեր հաջողության հենասյունները:

Մենք իրավացիորեն դժգոհում ենք: Ռուսաստանից՝ Ադրբեջանին զենք վաճառելու և մեր միջև հավասարության նշան դնելու համար, ՀԱՊԿ-ից՝ ոչ հստակ դիրքորոշումների համար, Եվրասիական Միությունից՝ Ադրբեջանի ջրացաղին ջուր լցնելու համար, Մինսկի խմբից՝ լղոզված հայտարարությունների և հստակության բացակայության համար, Իսրայելից և Ուկրաինայից՝ Ադրբեջանին ռազմատեխնիկական աջակցության համար, Եվրոպական Միությունից՝ անդեմ և չեզոք կեցվածքի համար, ԵԽԽՎ-ից՝ իր ղեկավարի ադրբեջանամետ հայտարարությունների համար և այլն:

Աշխարհի հզորների տարածաշրջանային քաղաքական և տնտեսական շահերը, որոնց մեջ ներառված է Ադրբեջանը, դեռ ճակատագիր չեն, ոչ էլ դատավճիռ: Այդ շահերը դատավճիռ կդառնան, եթե մենք որպես պետություն և ազգ ի վիճակի չլինենք մեր հավաքական ուժով բեկանել դրանք, հասկացնելով բոլորին, որ մեր Հայրենիքի, մեր շահերի հաշվին այս տարածաշրջանում հարց լուծել թույլ չենք տա:

Կոչեր հնչեցին նաև դուրս գալ մի շարք կառույցներից, որոնց մենք անդամակցում ենք Ռուսաստանի հետ և պատճառով: Ակնհայտ է, որ նման մոտեցման դեպքում Հայաստանը հերթով պետք է դուրս գա բոլոր այն միջազգային կառույցներից, որոնք այս պահին չեն կատարում իրենց բուն առաքելությունը մեր հանդեպ:

Համաձայնեք, որ սա ծայրահեղականություն է: Պատմությունը և աշխարհը այնպիսին են, որ, աշխարհից նեղացած, «պաշարված ամրոցի» վերածվելու տնտեսաքաղաքական հեռանկարը երկարաժամկետ առումով, բացի խաբուսիկ հուզահոգեբանական բավարարվածությունից՝ ուրիշ ոչինչ մեզ տալ չի կարող, եթե չասեմ սպառնալիքների և մարտահրավերների մասին:

Ուստի պետք է շարունակել մի կողմից՝ ուժեղացնել պետական և հասարակական ինստիտուտները, հայկական բանակը, դառնալ էլ ավելի կազմակերպված պետություն և ազգ, մյուս կողմից՝ հետևողականորեն աշխատել բոլոր այն համաշխարհային ուժերի հետ, որոնցից մենք դեռ ակնկալիքներ ունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930