2016թ. ապրիլի 11-ին Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է Irna-ն։
Նազարբաևը հանդիպում կունենա ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նախատեսվում է նաև, որ Ղազախստանի նախագահին կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որոնց համաձայն Նազարբաևի՝ Իրան այցելության ընթացքում կստորագրվի ավելի քան 30 միջպետական պայմանագիր, որոնք կվերաբերվեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը, զբոսաշրջությանը, գիտատեխնիկական համագործակցությանը և այլն։
Նշվում է նաև, որ այցի ընթացքում երկու երկրների նախագահները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերվող մի շարք հարցեր։
Նազարբաևի այցի մասին խոսել է Ղազախստանում ԻԻՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Մոժթաբա Դամիրչիլուն, որի մեկնաբանությամբ՝ Նազարբաևի այցը նոր սկիզբ կարող է դիտարկվել երկու երկրների համագործակցության ասպարեզում։ Դեսպանի խոսքերով՝ Ղազախստանը ներդրումներ կատարելու մեծ հնարավորություններ ունի, բացի դրանից, այդ երկիրը Կենտրոնական Ասիայի ամենամեծ տնտեսությունը ունեցող պետությունն է։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք նաև, որ Ղազախստանի նախագահական նստավայրի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահ Նազարբաևը 2016թ. ապրիլի 11-15-ը կայցելի Իրան, Թուրքիա և Ուզբեկստան։ Իրան կատարած այցից հետո, ապրիլի 13-ին նախատեսվում է Նազրբաևի այցը Թուրքիա, որտեղ Ղազախստանի նախագահը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ ապրիլի 15-ին կայցելի Ուզբեկստան, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Իսլամ Քարիմովի հետ։