Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մեր զինվորներն 80-ականների զենքով են կռվում, քաղաքագետն առաջարկում է՝ գեներալներն էլ «Վոլգայով» լինեն

Ապրիլ 11,2016 08:05

«Ես ուզում եմ պատասխաններ լսել՝ իսկ ինչո՞ւ մենք չենք գնում ժամանակակից զինտեխնիկա եւ անընդհատ լսում ենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ես միշտ իմացել եմ, որ մեր հասարակությունը, մենք վատ ենք ապրում, որովհետեւ մեր պետությունը մեծ գումարներ է ծախսում բանակի վրա: Եվ ինձ համար շատ տհաճ բացահայտում էին ՀՀ նախագահի ասածները Գերմանիայում, կանցլերի հետ ասուլիսի ժամանակ, որ մենք 80-ականների զենքով ենք մարտնչում: Բա այդ ահռելի գումարներն ո՞ւր են գնում»,-Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նրա համոզմամբ՝ «Ինչների՞ս է պետք պաշտպանության նախարարության նոր համալիրը, այդ շենքը, եթե մեր զենքը հին է: Պատերազմող երկիր ենք ու մեր թշնամին Ադրբեջանն է, եւ երբ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը գնում է 21-րդ դարի զինտեխնիկա, իշխանությունն իրավունք չուներ կառուցելու պաշտպանության նախարարության նոր համալիր, իր գեներալների համար գնել թանկարժեք ծառայողական մեքենաներ»:

Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյան

Եթե մեր բանակն ու մեր զինվորները 80-ականների զենքով են, Համբարյանի դիտարկմամբ, թող գեներալներն ու այլ պաշտոնյաններն էլ 80-ականների մեքենաններով լինեն.«Թող «Վոլգայով» լինեն, թող նստեին Աշտարակի ճանապարհին պաշտպանության նախարարության նախկին շենքում, ի՞նչ վատ շենք էր, իսկ այդ գումարների հաշվին էլ իսրայելական անօդաչուներ գնեին, ռուսական բարձրակարգ զենք գնեին: Ինչո՞ւ մեր զինվորները պետք է T 72-ով մարտնչեն T 90 տանկերի դեմ, ինչո՞ւ»:

Քաղաքագետի համոզմամբ, խնդիրը ավելի շատ մեր ներսում պիտի պարզենք եւ շատ արագ. «Շատ դեպքերում պետք է շատ դաժան լինի ոմանց համար, որոնք ուղղակիորեն հարստացել են այս երկրի հաշվին: Ես նաեւ կողմ եմ «կուլակաթափությանը»: Մենք անընդհատ բողոքում ենք, որ փող չունենք. օտարերկրյա եւ այդ նույն ռուս դիվանագետների համար դա աբսուրդ է: Երեւանում ամեն մի լուսացույցի տակ կանգնած մեքենաների գումարը մի քանի միլիոն է, ո՞նց կարող ես համոզել միջազգային դիվանագետներին, որ գումար չունենք, 2 միլիոն դոլար չունենք, որ անօդաչու գնենք: Ո՞նց կարելի է մեղադրել, որ մեզ չեն օգնում, չեն հավատում, բա պետք է չհավատան: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը շատ վատ բան է անում, որ զենք է վաճառում, իսկ մենք ի՞նչ ենք անում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930