Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում։
ԼՂՀ մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Հանրային ռադիոյին տեղեկացրել է, որ հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին:
Իսկ երեկոյան «Շանթի» «Հորիզոն» հաղորդաշարի եթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն ասաց. «Ապրիլի 2-5-ը եղած մարտերի արդյունքում հայկական կողմն ուներ 19 անհայտ կորած, նրանցից 18-ի աճյունները վերադարձվել են, եւ արդեն ճանաչվել են հարազատների կողմից»: Պարոն Քոչարյանն ասել է, որ դեռ չի հայտնաբերվել մեկ անհայտ կորած, եւ ներկայումս Կարմիր խաչի օգնությամբ փորձում են հայտնաբերել նաեւ նրան: