Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. Բաքուն ցույց տվեց`ովքե՞ր են հակամարտության կողմերը

Ապրիլ 10,2016 22:31

«Առավոտի» հարցազրույցը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ

– «Մենք պատրաստ ենք աշխատել Մինսկի խմբի բոլոր երկրների, այդ թվում` Թուրքիայի հետ» ,- Երեւանում ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը` հավելելով, որ Մինսկի խմբում փոփոխություններ չեն նախատեսվում: Վտանգավոր չէ՞ նման մոտեցումը, երբ վերջին շրջանում Թուրքիան բավական ակնհայտ հակահայկական մոտեցում է դրսեւորում, ինչն առավել առարկայական դարձավ վերջին իրադարձությունների ժամանակ:

– Գիտեք, մենք պետք է փորձենք իրավիճակը սառնասրտորեն վերլուծել: Թուրքիան բավական ապակառուցողական քաղաքականություն է վարել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում: Կարելի է նաեւ ասել, որ հրահրել է Ադրբեջանին`այս պատերազմը սկսելու հարցում, երբ տարբեր գրոհայիններ, բանակի սպաներ է ուղարկում  եւ այլն: Բայց ստեղծված իրավիճակում կարծում եմ, Թուրքիայի հետ ինչ-որ քննարկումներ նաեւ կարեւոր են, որպեսզի նրան զերծ պահեն իր ապակառուցողական քայլերից: Դա, իհարկե, չի նշանակում, որ Թուրքիան կարող է ինչ-որ դերակատարում ստանալ բանակցային գործընթացում: Բանակցային գործընթացում, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ է, որ աշխարհաքաղաքական այսպիսի ապակառուցողական դերակատարում ունեցող պետությունը չի կարող ներգրավված լինել, առավել ևս նրան որեւէ միջնորդ դերակատարություն չի կարող վերապահվել:

– «Ներկա պահին այդ թեման բանակցային գործընթացի տարր է»,- ասել էր  ռուսաստանցի համանախագահը`պատասխանելով հարցին`որքանո՞վ են գիտակցում համանախագահները, որ ԼՂՀ-ն չի կարող Ադրբեջանի մաս կազմել: Ի՞նչ է սա նշանակում, բանակցություններում դեռ քննարկվո՞ւմ է ԼՂՀ-ի`Ադրբեջանի կազմում գտնվելու հնարավորությունը:

– Կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել եւ չի էլ լինի Ադրբեջանի մաս: 70 տարի եղել է բռնակցված խորհրդային Ադրբեջանին, բայց այդ դա անկախ պետություն չէր, Խորհրդային միության մի մասն էր ու սա երբեւէ  չի կարող հիմք լինել, ադրբեջանական, այսպես ասած, հավակնությունների համար: Այդ հեռանկարի սին լինելը եւս մեկ անգամ պարզ դարձավ այս չորսօրյա պատերազմի ժամանակ:

– Համանախագահները հայտարարել են, որ իրենք երբեք էլ չեն բացառել, որ Ղարաբաղը որոշակի փուլում պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Ի հեճուկս նախորդ տարիների, այս չորսօրյա պատերազմի արդյունքում, հայկական կողմերը կարծես բավական հստակ են դնում ԼՂՀ-ի`բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը: Իրական համարո՞ւմ եք ԼՂՀ-ի վերադարձը բանակցությունների սեղանին:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող դա բացառել ոչ պաշտոնապես, ոչ էլ իրավական առումներով: 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովում, որը նաեւ ԵԱՀԿ-ի համար հիմնադիր գագաթաժողով էր, հստակորեն նշվել է, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կողմ է նաեւ Արցախի հանրապետությունը: Այդ որոշումն ընդունվել է կոնսենսուսի հիման վրա. ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ էլ որեւէ այլ պետություն, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս համանախագահող երկրները դեմ չեն քվեարկել այդ հարցին: Առավել եւս, այդ որոշումն առ այսօր չի բեկանվել: Հետեւաբար, նաեւ ստացվում է, որ ԼՂՀ-ի չմասնակցությունն այս գործընթացին հակասում է հենց ԵԱՀԿ-ի կողմից ընդունված կարեւորագույն փաստաթղթին:

Հասկանալի է, որ սա քաղաքական կոնյունկտուրայի կամ տարբեր հանգամանքների շնորհիվ է: Բայց թե իրավական, թե քաղաքական տեսանկյունից ակնհայտ է, որ վաղ թե ուշ, պետք է բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնվի:

– Եվ դա հիմա՞ է:

– Կտեսնենք: Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմը ևս մեկ անգամ հստակեցրեց`Արցախը բանակցային գործընթացի կողմ է, որովհետեւ պատերազմն Ադրբեջան-Արցախ պատերազմ էր: Իր քայլով, Բաքուն ռազմաքաղաքական առումով ցույց տվեց, թե ովքե՞ր են իրական կողմերը:

– Թեպետ հայկական կողմերից բազմիցս հնչեցին հասցեական մոտեցման կոչեր, համանախագահները կրկին խուսափեցին հստակ մատնանշել նախահարձակ կողմին`ասելով, որ դա իրենց մանդատի մեջ չի մտնում:  Այս շարունակվող լղոզվածությունն ի՞նչ անդրադարձ կունենա հարցի խաղաղ կարգավորման գործընթացում:

– Մենք բազմիցս ասել ենք, որ ավելի հասցեական, հստակ եւ միգուցե կոշտ հայտարարություններ ու գնահատականներ պետք է տրվեն: Եթե նույնիսկ դրանք հրապարակային չլինեն, գոնե ոչ հրապարակային խողովակներով դրանք անհրաժեշտ են: Կարծում եմ, այդպիսի որոշ քայլեր կատարվել են: Նաեւ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ազդեցությամբ է Ադրբեջանը կանգնեցրել իր ագրեսիան, ճիշտ է, առաջին հերթին հակահարված ստանալով Արցախի հանրապետության զինված ուժերի, ողջ հայության կողմից, ցույց է տալիս, որ ոչ պաշտոնական խողովակներով որոշակի քայլեր կատարվել են: Բայց մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է էլ ավելի հրապարակային դարձնել կոշտ դիտողությունները եւ գնահատականները:

– Մի տեսակ անհեթեթություն է ստացվում. հակամարտության սկզբնական օրերին խոսակցություններ տարածվեցին, որ հատկապես ՌԴ-ի ջանքերով Ադրբեջանը դադարեցրեց իր ագրեսիան, բայց, միաժամանակ, նախորդ օրը ՌԴ փոխվարչապետը, երեկ էլ վարչապետը հայտարարեցին, որ իրենք շարունակելու են Ադրբեջանին եւ Հայաստանին զենք վաճառել`պատճառաբանելով, որ եթե ՌԴ-ն հրաժարվի այդ դերից, տեղը դատարկ չի մնա: Այսօր արդեն, Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ-Թուրքիա հարաբերություններում դրական տեղաշարժ է նկատում : Չի՞ ստացվում, որ հայկական պետությունները աշխարհաքաղաքական շահերի մանրադրամ են դառնում:

-Գիտեք, մենք կրկին սառնասրտորեն պիտի մոտենանք, էմոցիաների տակ չպետք է ընկնենք, տաքարյուն քայլեր չպետք է անենք: Դա կարող է հետեւանքներ ունենալ: Մենք պետք է հստակ պատկերացնենք աշխարհաքաղաքական իրավիճակը, մեր եւ մյուսների հնարավորությունները, շահերը: Այո, ՌԴ-ն վաճառում է այդ զենքը, մենք ասում ենք, որ դա ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ այդ զենքն առաջին հերթին մեր դեմ կարող է օգտագործել, իսկ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է:

Մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, որ տարբեր պետություններ տարբեր շահեր ունեն: ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ մյուսները հայկական պետություններ չեն, որ միանգամայն պաշտպանեն մեր շահերը: Ի՞նչ ենք մենք ուզում, որ իրենք իրենց որպես հայե՞ր դրսեւորեն: Նման բան չի կարող լինել: Բայց այս իրավիճակում, հավասարակշռված քաղաքականություն վարելու դեպքում մենք շատ օգուտներ կարող ենք քաղել: Չպետք է վհատվենք եւ այլն: Եթե ՌԴ-ն վաճառում է այդ զենքն Ադրբեջանին, նա նաեւ պետք է երաշխավոր դառնա, որ այն չօգտագործվի:

– Մենք կարո՞ղ ենք դրան հասնել, ունե՞նք նման հնարավորություն:

– Իհարկե, առնվազն մի բան պարզ է`պետք է աշխատենք: Բայց մի բան պարզ ու հստակ է`հայկական գործոնն ահռելի կարեւոր նշանակություն ունի նաեւ ՌԴ-ի համար, անկախ նրանից`Ադրբեջանին զենք են վաճառում, ի՞նչ հարաբերություններ ունեն այդ երկրի հետ: Հարավային Կովկասում ՌԴ-ի շահերը միայն հայ-ադրբեջանական կամ Արցախ-Ադրբեջան տեսանկյունից չեն: Այս գործընթացը շատ ավելի բարդ է, մանավանդ, հաշվի առնելով Ադրբեջանի դիրքը, Թուրքիայի դերակատարությունը: Բա իհարկե, ՌԴ-ն պետք է այնպես անի, որ իր դիրքերն ամրապնդի այդ նույն Ադրբեջանում: Իրենք իրենց շահերն ունեն, մենք էլ մերը եւ այնպես պետք է անենք, որ ստեղծված իրավիճակը հնարավորինս օգտագործենք սառնասրտորեն հաշվարկ անելով:

– Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ մենք երբեք դեմ չենք եղել խաղաղապահների տեղակայմանը: Հայաստանյան, նաեւ ընդդիմադիր, քաղաքական գործիչներն էլ հաստատեցին, որ այդ հարցը բանակցային բոլոր փուլերում էլ եղել է  լուծման պայմանով: ԼՂՀ-ում պատրա՞ստ են խաղաղապահների գոյությանը:

– Այստեղ բանալի բառը «համապարփակ կարգավորումն» է, ավելի ճիշտ`դրա ավարտը: Եթե լուծվեն քաղաքական, մարդասիրական, ռազմական խնդիրները, Ադրբեջանը ճանաչի Արցախի հանրապետությունը, Արցախը` Ադրբեջանի, սահմանները հստակեցվեն եւ այլն, թող փորձեն սահմանի երկայնքով խաղաղապահներ տեղակայել, որպես խորհրդանշական մի բաղադրամաս: Բայց այդ դեպքում մի քիչ տարօրինակ կլինի`հարյուրավոր պետություններ կան, որ միմյանց հետ սահմաններ ունեն, հո բոլոր սահմաններում խաղաղապահներ չե՞ն տեղակայվում: Այսինքն, սա շատ հեռավոր ապագայի խնդիր է: Կարեւորը`համապարփակ կարգավորումից հետո, ոչ թե հիմա, երբ ոչ մի բան կարգավորված չէ: Հիմա գալիս են որպես ի՞նչ:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930