Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Ինտերպոլով հաղորդում տանք, որ Էդվարդ Նալբանդյանին գտնեն»

Ապրիլ 10,2016 22:00

«Մեզ շատ է հետաքրքրում՝ որտե՞ղ է մեր արտգործնախախարը, երեւի ընդհանրապես չկա այդ մարդը, երեւի մենք Ինտերպոլով հաղորդում տանք, որ գտնեն այդ մարդուն՝ էդվարդ Նալբանդյանին: Ինքը գիտի՞ այս պարագայում ի՞նչ գործառույթներ ունի՝ ի՞նչ իրավունքով են այդ երկրներն այդպիսի հայտարարություններ անում ու արտգործնախարարությունը չի էլ արձագանքում»,-Aravot.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների հետ կապված միջազգային արձագանքին մեր դիվանագիտական ոլորտի պատասխանատուների լռությանը:

Մեր այն դիտարկմանը, որ հայ հանրությունը, քաղաքական գործիչները մեղադրում են միջազգային հանրությանն ու քննադատում միջազգային կառույցների դիրքորոշումը  պատերազմական իրադարձությունների վերաբերյալ, եւ մենք, ըստ էության, 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ էլ նույն մեղադրանքն էինք ներկայացնում, Համբարյանն ասաց. «Ի՞նչ միջազգային հանրություն, մերոնք մինչեւ հիմա չեն հասկացե՞լ, որ 20-րդ դարի սկզբի եւ 21-րդ դարի միջազգային հանրությունների միջեւ տարբերություն չկա: Միջազգային հանրությունը հարգում է ուժեղին, զոռբային, լկտիին, միջազգային հանրությունը չի սիրում լացկաններին, մուրացկաններին, իր փեշերից կախվողներին ու անընդհատ ինչ-որ բան պահանջողներին»:

Գագիկ Համբարյանի խոսքերով՝ «20-րդ դարի սկզբում, երբ Արեւմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրությունում տեղի էր ունենում Հայոց Ցեղասպանությունը, Փարիզի,  Բրյուսելի, Լոնդոնի սրճարաններում մարդիկ նստած ծիծաղում էին, ուրախանում էին, զրուցում էին. 1.5 միլիոն հայ կոտորեցին: 21-րդ դարի սկզբին Հյուսիսային Իրաքում՝ Սինջարում եզդիներին էին ցեղասպանութան ենթարկում, մենք նույն Երեւանում, Գյումրիիում, աշխարհի խոշոր մայրաքաղաքներում մարդիկ ծիծաղում էին, ուրախանում, նրանց բացարձակ չէր հետաքրքրում Իրաքում տեղի ունեցող ողբերգությունը, որովհետեւ 20-րդ եւ 21-րդ դարերի սկզբներին հայերի եւ եզդիների վիճակը նույնն էր:

Հիմա մենք ունենք պետականություն, որ շատերն են երազում ունենալ, հիմա միջազգային հանրությա՞նն են մեղադրում: Սինջարում դեպքերի հետ կապված միջազգային հանրությունը մի պահ խոսեց՝ լղոզված, ու անցավ գնաց: Բայց Բրյուսելում ու Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները տեսանք ինչպես մեկնաբանեց միջազգային հանրությունը, որովհետեւ կայացած ու հզոր տնտեսություն ունեցող,  զարգացած ու իր տեղն ունեցող պետություններ են»:

«Իսկ մենք ի՞նչ ենք անում»,-ասաց Համբարյանն ու ավելացրեց՝ «Դիմում ենք միջազգային հանրությանն ու նեղանում, որ բան չեն անում: Իսրայելից պետք է սովորել եւ հասկանալ՝ ազգային շահերից վեր այլ բան չկա: Հույս ունեմ, որ միջազգային հանրությանը դիմելու այս «ֆիասկոյից» հետո, իշխանությունը կհասկանա, որ մի փոքր էլ պետության մասին պետք է մտածել, եթե ոչ, ապա շատ ավելի վատ է լինելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    վոչ թե գտնեն այլ գյուլեն

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930