Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ապրիլի 2-9, հակառակորդի կողմից ոչնչացվել են «Մատաղիս» խմբի շտապ օգնության չորս մեքենաներ: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն, որն այս օրերին Մատաղիսի դիրքերում է: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ շտապօգնության մեքենաները հատուկ տարբերանշաններով են եւ հայկական կողմից դրանք երբեք չեն խոցվում կամ վնասվում:
«Այսօր էլ ղարաբաղյան ուժերի «Սիսական» ջոկատի շտապ օգնության մեքենայի վրա դիպուկահարի երկու կրակոց է եղել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Սակայն, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել շտապ օգնության մեքենաների վրա, ինչը Ժնեւյան կոնվենցիայի, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի օրենքների կոպիտ խախտում է եւ ոտնահարում»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս տեղեկություններն ինքը փոխանցում է իբրեւ ականատես. «Հենց նոր էլ ես տեսա դիպուկահարի կողմից խոցված շտապ օգնության մեքենան»:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախարարությունում նման մեկ դեպքից են տեղյակ. Դա միջազգային մարդասիրական կոնվենցիաների կոպտագույն խախտում է: Այլ մանրամասներն առաջիկայում հստակ կդառնան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ