Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Մեդվեդեւը բացահայտեց, որ պաշտոնական Մոսկվան նախօրոք իմացել է Ադրբեջանի հարձակման մասին»

Ապրիլ 10,2016 19:20

«Ռուսական «Ռոսսիա 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ասել է  . «Եթե մենք մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ դերից (զենքի մատակարարի- խմբ.), մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Այլ երկրներից զենք կգնեն, մահացության մակարդակը դրանից չի նվազի, դա կարող է խախտել հավասարակշռությունը, որն այժմ կա»: Նրա խոսքերով՝ վստահություն չկա նրանում, որ այլ երկրներից զենքի մատակարարների մուտքն այդ (հայ-ադրբեջանական սպառազինությունների-խմբ.) շուկա, կթեթեւացնի իրավիճակը: Նա կարծիք է հայտնել, որ իրավիճակը, հավանաբար, ավելի կբարդանա:

Քաղաքագետ Գագիկ Համբարյան, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մեդվեդեւի հարցազրույցին, ասաց, որ Ռուսաստանի վարչապետը հայտնել  է այն, ինչ բոլորս գիտենք՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում», այո, եթե ոչ Ռուսաստանից, ապա այլ երկրից կգներ. «Խնդիրն այն է, որ այս թեզը Հայաստանում առաջ են տանում, այն ուժերը, որոնք փորձում են քերել իրենց վրայից այն մեղավորությունը, որը զգում են:  Հայաստանը ոչ մի պարագայում չի կարող Ռուսաստանին պարտադրել չվաճառել զենք Ադրբեջանին: Իսկ մենք ինչո՞ւ զենք չենք գնում Ռուսաստանից,  այն դեպքում, որ լինելով ՀԱՊԿ անդամ, կարող ենք ավելի էժան գնել ՌԴ-ից: Մեդվեդեւի խոսքերի մեջ մոտիվներ եմ տեսնում, որ  Ադրբեջանի կողմից Ռուսաստանից գնած զենքի նկատմամբ Ռուսաստանն ինչ-որ ազդեցություն  կարող է ունենալ. կարող է ճնշումներ գործել, որ ասենք՝ չօգտագործի, կամ օգտագործելիս՝ զենքի կիրառման վրա ազդել, այնպիսի տեխնոլոգիաներ կան, որ զենքի կիրառումն արգելափակեն, ու այն էֆեկտը չտա»:

Համբարյանի դիտարկմամբ՝ Մեդվեդեւը բաց տեքստով նշել է, որ եթե ՌԴ-ն զենք չվաճառի Ադրբեջանին, ապա Իսրայելը դեր կխաղա. «ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները  հատուկ որոշում ունեն զենք չվաճառել Հայաստանին եւ Ադրբեջանին, մնում է Իսրայելը եւ մի քանի այլ երկրներ, բայց Իսրայելի ռազմական արդյունաբերությունը բավականին զարգացած է, այլ երկրներինը՝ ոչ: Իսկ ինչո՞ւ մենք Ռուսաստանից նույն տեսակի կամ ավելի մոդիֆիկացված զենք չենք գնում: Լավ կլինի այն մարդիկ, որոնց կողմից ուղղորդվում են Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի վաճառքի մասին այս հայտարարությունները, ավելի շատ պարզաբանեն՝ ինչո՞ւ Հայաստանը նույն զենքերը չի գնում»:

Անդրադառնալով Ռուսաստանի վարչապետի նույն հարցազրույցում հնչած մեկ այլ խոսքերին՝ ըստ որի, ՌԴ-ն նախապես տեղյակ է եղել, որ Ադրբեջանը մեծ քանակի զինտեխնիկա եւ զորք է տեղաշարժում, Համբարյանն ասաց. «Մեդվեդեւը բացահայտեց, որ պաշտոնական Մոսկվան նախօրոք իմացել է Ադրբեջանի հարձակման մասին եւ այդ տեղեկությունը Հայաստանին չի տրամադրել: Մեդվեդեւն ասել է՝ «Մենք, սկսած արբանյակներից եւ այլ մեթոդներով եւս, կարողացել ենք ճշտել զինտեխնիկայի եւ մարդկային խոշոր տեղաշարժեր»: Այդ հարձակումը մի օրվա պատրաստություն չէր, եւ լավ կլիներ Մոսկվան կիսվեր այդ տեղեկություններով: Ցավոք, մենք առնչվեցինք այն փաստի հետ, որ հայ-ռուսական հարաբերություններում Մոսկվան գործում է միայն իր շահերից ելնելով, այստեղ դաշնակցային եւ գործընկերային հարաբերություններ չկան:  Ուրեմն, մեր իշխանությունները մեծ խնդիր ունեն, թե այդ հարաբերություններն ինչ մակարդակի վրա են գտնվում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930