Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հավաստմամբ` Իսրայելն ու Ռուսաստանն ամեն ինչ արել են, որ ապրիլի մեկի հարձակումն Ադրբեջանի կողմից հնարավոր դառնա:
Նշենք, որ զուգադիպությամբ, թե, այնուամենայնիվ, ապրիլյան չորսօրյա պատերազմի պատրաստվելու համար, Իսրայելը մարտի 31-ին Ադրբեջանին է տրամադրել հակատանկային լազերային հրթիռներ: Ադրբեջանը առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այս հրթիռները:
Aravot.am-ը ռազմական փորձագետից հետաքրքրվեց` արդյոք կարո՞ղ ենք կապ տեսնել այս երկու փաստերի միջև, պարոն Վրթանեսյանը պատասխանեց, թե, իհարկե, չարժե մեկ-երկու օրվա իրադարձությունների մեջ կապ փնտրել` ասելով, որ զենք վաճառեցին, ու ինչ-որ բան սկսվեց, քանի որ նման գործողությունները նախապատրաստվում են շաբաթներով, նույնիսկ ամիսներով:
Պարոն Վրթանեսյանը այս առիթով շեշտեց. «Այստեղ հարցն այն չէ, որ երկու օր առաջ են զենք վաճառել, այլ այն, որ տարիներով են հարձակվողական ծանր սպառազինություն վաճառել Ադրբեջանին: Վաճառել է Ռուսաստանը, Իսրայելը, Թուրքիան էլ չեմ ասում, քանի որ ասում ենք Ադրբեջան, հասկանում ենք Թուրքիա»:
Կարդացեք նաև
Ռազմական փորձագետը Իսրայելի քայլը համարում է բացահայտ թշնամական վերաբերմունք Հայաստանի հանդեպ: Զուգահեռներ անցկացնելով Իսրայելի և Ռուսաստանի միջև` Կարեն Վրթանեսյանը նշեց. «Ի տարբերություն ՌԴ-ի` Իսրայելը մեզ հետ դաշնակցային պայմանագիր չունի: Ռուսաստանի` թե՛ զենք վաճառելը, թե՛ այսօրվա կեցվածքը նաև ՀԱՊԿ պայմանագրի կոպիտ խախտում է»: Այս իրավիճակում, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը` ռազմական փորձագետը ձեռնպահ է մնում խորհուրդ տալուց ու միևնույն ժամանակ շեշտում. «Պետք է հասկանալ, որ թե՛ ՌԴ-ի, թե՛ Իսրայելի գործողությունները բացահայտ թշնամական են մեր նկատմամբ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ