Այն, որ մենք այս պահին խոսում ենք մեր զենք-զինամթերքի չգիտեմ որերորդ դարի մակարդակի մասին, սա զարմանալի է, որովհետեւ ամեն տարի մեր հնարավորությունների սահմանում բյուջեում դրվել են գումարներ՝ արդիականացնելու ռազմական տեխնիկան: Երբ խոսում են 80-ականների զենքի մասին, այսօր շատ խորհելու բան ունենք:
«Միամիտ կլինենք, եթե մտածենք, որ մեզ համար սա դադար է եւ պետք է անհանգստություն չունենանք: Մենք պետք է այս օրերին հնարավորինս համախմբենք մեր ուժերը՝ զինվորներին հզորացնելու, ռազմական զենք-զինամթերքի ավելացման ուղղությամբ մտածենք: Մեկ անգամ եւս պետք խորհենք, թե որտեղ ինչ թուլություններ ու բացթողումներ ունենք: Մենք պետք է արագ մտածենք ու գործողություններ անենք: Կյանքը ցույց տվեց, որ մեր հույսը պետք դնենք մեզ վրա, մեր ունեցածի վրա: Պետք է կրճատել բոլոր ուղղություններով ֆինանսական ծախսերը եւ սահմանների վերազինման խնդիր դնենք, որպեսի թշնամու ագրեսիվ քաղաքականության արդյունքում էլ զոհեր չունենանք»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում հրադադարի պայմանավորվածության հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
Մեր հարցին՝ արտաքին քաղաքականության վեկտորը չպե՞տք է փոխել, այս օրերին մեր արտգործնախարարի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, չպե՞տք է նրան փոխել՝ Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Այս պահին մտածել՝ սրան պետք է փոխել, նրան պետք է փոխել՝ դրա կարիքը բոլոր ուղղություններով կա: Այն, որ մենք այս պահին խոսում ենք մեր զենք-զինամթերքի չգիտեմ որերորդ դարի մակարդակի մասին, սա արդեն իսկ խիստ ցավ է: Մեզ համար դա զարմանալի է, որովհետեւ ամեն տարի մեր հնարավորությունների սահմանում բյուջեում դրվել են գումարներ՝ աջակցելու, հզորացնելու ու արդիականացնելու ռազմական տեխնիկան: Երբ խոսում են 80-ականների զենքի մասին, այսօր շատ խորհելու բան ունենք: Եթե կան մարդիկ, որոնց պատճառով մենք այսօր կանգնեցինք այսքան զոհերի առջեւ, իմ կարծիքով, պետք է հետեւություններ անենք»:
Ըստ տիկին Բիշարյանի, դիվանագիտական կորպուսը պետք է անընդհատ համագործակցեր այն պետությունների հետ, որոնցից մենք այսօր նեղանում ենք. «Գիտեք, ուշացած նեղանալ որեւէ պետությունից, երբ մենք արդեն զոհեր ունենք, սա արդեն ծիծաղելի է: Քննադատել որեւէ պետության, ավելորդ է այս պահին, մենք մեր մեղավորությունը պետք է տեսնենք, հետո նոր ուրիշների:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ենք փնտրում մեղավորներ: Էլեկտրոնային կայքերում ես հանդիպում եմ նյութեր, որտեղ սարսափելի բարձր գներով ավտոմեքենաներ, բիզնեսներ ունեցող քաղաքական դաշտի հայտնի մարդկանց ունեցվածքին են անդրադառնում: Մենք պետք է ուշադրություն դարձնենք ինչպե՞ս են դա ձեռք բերել, ե՞րբ եւ ինչո՞ւ: Ինչպե՞ս են օֆշորոմ գրանցված հասցեներով երկրի ունեցվածքը դուրս բերել: Փոխանակ այդ գումարները սահմանների արդիականացմանն ուղղեին, մի՞թե սա հնարավոր չէր: Իհարկե, հնարավոր էր: Պետք է հիմա արժանապատվություն ունենան եւ հեռանան բոլոր նրանք, ովքեր ձախողել են իրենց ոլորտներում: Չի կարելի մեղավորներ փնտրել, թե այս կամ այն պետությունն էր մեղավոր: Պետք է մեղքը փնտրենք մեր ապաշնորհ քաղաքականության մեջ, մեր ղեկավարման մեջ, որի արդյունքում ունենք այնքան զոհեր, որ կարող էինք չունենալ, ապա նոր անդրադառնանք ուրիշներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ