Եթե այս օրերին Ռուսաստանի նպատակը Արցախին, ասել է, թե Հայաստանին օգնելն էր, ապա դա պետք է աներ թուրք-ազերիների հանկարծակի հարձակման հենց առաջին օրը, քանզի այդ օրվա հարձակման լայնամասշտաբությունն ու կտրուկությունն էր Արցախի համար անակնկալը, որը հղի էր պաշտպանության բանակի ներսում որոշակի շփոթմունք առաջացնելու և ինչ-որ իմաստով նրան հանկարծակիի բերելու առումով: Եթե ժողովուրդը և պաշտպանության բանակը ինչ-որ իմաստով անհարմարություն ունեցան, ապա դա հենց առաջին օրն էր և «բարեկամ» Ռուսաստանը այդ նեղ պահին պետք է ձեռք մեկներ մեզ, այլ ոչ թե լլկվածի պահվածք ընդուներ:
Մեր բանակի և ժողովրդի հանճարեղ միասնությամբ ու Տիրոջ օրհնությամբ, չափազանց արագ կողմնորոշվեցինք և անմիջապես սկսվեց իսլամական հրձիգների, մուսուլմանների և բազմաթիվ այլ վարձկանների դիմակայման, ապա նաև հակահարձակման անցնելու գործողությունները: Ակնհայտ էր, որ այդ օրերին աննկարագրելի և մարդկային երևակայությունից դուրս հերոսություն էին հանդես բերում մեր տղաները: Նրանք կատաղի մարտեր էին մղում ոչ միայն իսլամական, մուսուլմանական հրձիգների, այլ անուղղակիորեն նաև՝ քրիստոնյա դավաճանների դեմ: Ամեն ինչ այնքան արագ էր տեղի ունենում, որ ժամանակ չէր մնում հաշվելու, թե ովքեր են այդ մարդակուլ հանցագործության հեղինակները, ինչ նպատակներ են հետապնդում, ուրիշ ինչ մութ ուժեր են մասնակցում, ով ինչ խնդիր է փորձում լուծել… և այսպես շարունակ:
Ժամանակի սղության պատճառով, հայկական ինստինգտը հուշում էր միայն, որ ընթացիկ դիմակայմանը զուգահեռ, առաջին հերթին՝ օդ ու ջրի պես անհրաժեշտ էր հայության միավորումը՝ միաբանվելը, որը և տեղի էր ունենում հանճարեղորեն: Էրդողանն ու Ալիևը նենգ հարձակումից առաջ միգուցե շատ բաներ հաշվել էին, սակայն այդ մեկը հաստատ չէին հաշվարկել, որն էլ մեծ հաշվով խառնեց նրանց խաղաթղթերը և պարտադրեց ժամանակավոր՝ թեկուզ փխրուն հրադադար: Թե, այդ հինգ օրերի ընթացքում մարտական գործողություններն ինչպես ծավալվեցին և ինչ արդյունքների հանգեցրին, դրա մասին՝ մի քիչ այսպես, մի քիչ այնպես, հանրությունը որոշակիորեն տեղեկացված է և փորձ կանեմ ներկայացնել, թե այդ օրերին իրեն ինչպես դրսևորեց հատկապես մեր ռազմավարական «գործընկեր», ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ, մեր անվտանգության «երաշխավոր» Ռուսաստանը:
Հիշեցնեմ, որ դրանք հենց այն «գրավականներն էին», որոնց պատճառով ՀՀ իշխանությունները 2013թ. սեպտեմբերի 3-ին թքեցին Հայաստանի կողմից միլիոնավոր դոլարներ ծախսելու արդյունքում համարյա պատրաստ ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի և զուգահեռաբար պատրաստվող խորը և համապարփակ առևտրի պայմանագրի վրա ու ժողովրդի համար անսպասելի հայտարարությամբ մտան ԵՏՄ կազմի մեջ: ՀՀ իշխանություններն՝ ի լուր աշխարհի այդ քայլն արդարացնում էին նրանով, որ այդ համաձայնագրով ԵՄ-ն Հայաստանին անվտանգության երաշխիքներ չէր տալիս, իսկ ԵՏՄ-ն՝ ի դեմս Ռուսաստանի, իբր լիովին ստանձնում էր Հայաստանի անվտանգության երաշխավորի կրողի դափնին:
Կարդացեք նաև
Բոլորն ականատես եղան, թե խոսքից՝ գործի անցնելու հենց առաջին առիթի՝ ապրիլի 1-ից 6-ը տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Բելառուսը, Ղազախստանը և հատկապես Ռուսաստանն ինչպես «ապահովեցին» Հայաստանի անվտանգությունը: Կարծում եմ, կույրին անգամ տեսանելի էր Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի տրամադրվածությունը: Իհարկե, այս օրերին շատ է խոսվել, սակայն չի խանգարի մեկ անգամ ևս բարձրաձայնել իրականությունը. Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարեց 6-ից 7 միլիարդ դոլարի ռազմամթերք ու զինտեխնիկա այն դեպքում, երբ Հայաստանի հետ ունի մոտ 200 միլիոն դոլարի զենքի վաճառքի պայմանագիր, որի մատակարարումը, եթե չեմ սխալվում, դեռ չի էլ սկսել:
Այ քեզ անվտանգության երաշխավոր գործընկեր: Այսքանից հետո, ուզենք, թե չուզենք, այդ իրադարձություններից հետո Ռուսաստանը մեզ համար թողեց միայն մեկ ճանապարհ, որի պատճառով Հայաստանի առջև ծառացավ նոր գերխնդիր. ինչպիսի փաստական հարաբերություններ կառուցել դեմքը բացած Ռուսաստանի հետ: Ռուսաստանի մասով՝ բոլորին այլևս ամեն ինչ պարզ է, փուչիկը պայթել է, այնպես որ, Հայաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ կառուցել ոսկերչական ճշտությամբ՝ նոր որակի դիվանագիտական, ռազմավարական, մարտավարական և այլ տիպի հարաբերություններ: Իհարկե, ամեն ինչ այլ կլիներ և գոնե վերջին իրադարձությունների ֆոնի վրա, Հայաստանը կարող էր Ռուսաստանի նկատմամբ լիովին փոխել բոլոր տիպի հարաբերությունների վեկտորը, սակայն հաշվի առնելով, որ այսօր Ռուսաստանում ապրում և հանապազօրյա հաց են վաստակում հարյուր հազարավոր հայ ընտանիքներ, ապա դա միանգամայն փոխում է իրավիճակը և Հայաստանին ստիպում է նրբորեն գնալ ստեղծված վիճակին համահունչ նոր դիվանագիտական հարաբերությունների կառուցման, որը ոչ այլ ինչ է, քան արտաքուստ՝ բարեկամական հարաբերություններ, իսկ ներքուստ՝ սառը, հպարտ կեցվածք:
Հայտնի բան է, որ ուրիշի գիրկը գցվողին չեն հարգում և միշտ էլ ոտնատակ են անում: Այնպես որ, Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ մենք պետք է մեզ հարգենք, որպեսզի նրանք էլ մի քիչ հարգեն, այլապես, ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ, Ռուսաստանը շարունակելու է Հայաստանի հետ վարվել ճիշտ նույն կերպ: Այլ խոսքով, ինչպես 1900-ական թվականներից սկսած, այնպես էլ վերջին ճակատագրական իրադարձությունների վերլուծությունը մեզ բերում է այն հետևությանը, որ Հայաստանի համար այսօր գերնպատակ պետք է լինի Ռուսաստանից փրկվելը, որի արդյունքում կփրկվենք նաև մնացած բոլոր երկրներից: Դրա համար անհրաժեշտ է մեկ բան. Ռուսաստանի հետ պետք է կառուցել նոր որակի դիվանագիտական, ստրատեգիական, մարտավարական հարաբերություններ, հիմքում դնելով ինքներս մեզ հարգելու և չխաբելու տրամաբանությունը…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ
Իհարկե ես համամիտ եմ ձեր հետ, դա ռուսաստանի շովունիստական քաղաքականություն է և դա պարզից էլ պարզ է: Ավելացնելով մի պարզ ճշմարտություն, դեռևս ցարական Ռոսաստանում ցարը պարզ ասում էր մեզ հայաստանը պետք է առանց հայերի և ես կարծում եմ դա շարունակվում է նաև մեր օրերում: Սկսաց ցարից, Լենինից և մեր օրերը մասնատել և բաժանել են մեր բոլոր տարածքները, մի մասը մեր հարևան վրաստանի իսկ մյուս մասը ադրբեջանին, էլ չեմ խոսում Լենինից որ Թուրքիային համարում էր բոլշեվիկյան ընկեր, իսկ Ստալինը ուրացավ հայերի սխրագործությունները և Ռուբեն տրոպ Մոլոտովի պայմանագրի ժամանակ ընտրեց եվրոպական տարացքները թողնելով թուրքիան Ամերիկացիներին, որի պատճառով մինչև այսօր ԱՄՆ չի ճանաչում մեր անմեղ 1500000 հայ նահատակների գենոցիդը Օսմանյան կայսրության կողմից:
Բայց ինչ դեմքեր ունենք մենք: Անակնկալ հարձակումը ո՞րն ա: Եթե անգամ Իսլանդիան հարձակվի մեր վրա պիտի անակնկալի չգանք: Ուր մնաց ազիկները…Այ քեզ բան..