Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները միասնական քայլերթ եւ մոմավառություն էին կազմակերպել՝ ի հիշատակ վերջին օրերին հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների:
Նրանք քայլերթով շարժվեցին դեպի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ պատարագ մատուցվեց:
Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ «Սա միասնության քայլերթ է, մենք խոսում ենք հաղթանակի եւ վերածննդի, միասնության եւ վերածննդի մասին: Հայ զինվորը հաղթանակի մեծ ներուժ ու բովանդակություն ունի: Խոնարհվելով բոլոր զոհված զինվորների, նրանց ծնողների առջեւ՝ մեր ազգին մաղթում ենք մեր քայլերթով միասնություն, համախմբվածություն, պայքարի ոգի»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ «Մեզ հաղթանակներ են պետք բոլոր ճակատներում՝ եւ ռազմի դաշտում, եւ դիվանագիտության մեջ եւ բոլոր ոլորտներում: Աստված արիություն եւ ոգու կամք տա»:
Զոհված հերոսների լուսանկարներով մի խումբ երեխաներ մտան եկեղեցի: Մեր հարցին՝ ո՞ւմ լուսանկարներն են սրանք, գիտե՞ք, երեխաները պատասխանեցին. «Հայ զինվորի: Նրանց սպանել են թուրքերը՝ Ղարաբաղում»:
Ըստ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի, մարդիկ պետք է այս օրերին 24 ժամ չքնեն ու մտածեն երկրի անվտանգության մասին: Նա շնորհակալություն հայտնեց այն ծնողին, որը այնպիսի երեխա է դաստիարակել, որը անձնվիրաբար գնաց հայրենիքին ծառայելու. «Մենք պետք է շնորհակալ լինենք մեր ժողովրդին, այն արյան կանչին, որը մեզ միշտ համախմբում է: Սա մեր արյան կանչն էր ու այս դափնիները ժողովրդից որեւէ մեկը չի կարող վերցնել: Բոլորս էլ գնալու ենք սահման, մենք ոչ մեկին երկիր չունենք տալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ