Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Մեր առջեւ դրված չէ կուրորեն հետեւել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը

Ապրիլ 10,2016 00:10

4+4+4 ձեւաչափով քննարկումից հետո արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ասաց, որ Դավիթ Հարությունյանի առաջարկը՝ քվեարկած անձանց ցուցակների փոխարեն քաղվածք տրամադրելը, հնարավորություն է տալիս համադրել ընդդիմության ունեցած տեղեկատվությունը:

«Ընդամենը համեմատության միջոցով եւ դրանից առաջ ունեցած ինֆորմացիայի համադրման միջոցով, ինքն արդեն ունենում է պատկեր»,- ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ պետության մոտ շահագրգռվածությունը պատշաճ ընտրական գործընթաց կազմակերպելն է եւ մեխանիզմներ ստեղծելը այն դերակատարների համար, որոնք քաղաքական շահ ու շահագրգռվածություն ունեն մասնակցել եւ արդյունքում իրենց կասկածները փարատելու հնարավորություն ունենալ. «Հակառակ պարագայում՝ մենք ունենք այլ արժեքներ եւս: Երբ որ մենք ասում ենք՝ ընտրողների ստորագրած պաշտոնական ցուցակներ, միայն պաշտոնականի մեջ է խնդիրը, խնդրում եմ՝ ճիշտ հասկանալ, որովհետեւ այդտեղ կան այլ իրավունքներ եւս: Ինչպես Վենետիկի հանձնաժողովն է ասում, ներողություն օտարալեզու տերմինի համար privacy-ի (գաղտնիություն), անձնական տվյալների պաշտպանության խնդիր է առաջանում եւ այլն, որի մասին մենք բոլորս այս պահին չենք մտածում:

Մենք բոլորս կարծես երկու ոտքը դրել ենք մեկ կոշիկի մեջ, եւ խոսում ենք միայն այն մասին, որ ո՛չ, սա իշխանությունը չի ուզում: Բայց իշխանությունը՝ նաեւ որպես պետություն, իր շահագրգռվածությունն ընտրական գործընթացի կազմակերպմամբ չի ավարտում, այլ շահագրգռվածություններ պետական մակարդակով եւ այլ պայմանավորվածություններ կան՝ նույն անձնական տվյալների պաշտպանության բնագավառում եւ այլ տեղերում: Այսինքն՝ այստեղ պետք է այդ սկզբունքները հակակշռվեն»:

Արփինե Հովհաննիսյանը ընդգծեց. «Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը կամ կարծիքին կուրորեն հետեւելը մեր առջեւ դրված չէ: Ես ինքս էլ իրականում, թողենք մի կողմ իշխանության ներկայացուցիչ, արդարադատության նախարար լինելը, իրավական տեսանկյունից լրջագույն խնդիր եմ տեսնում՝ անձնական տվյալների պաշտպանության եւ privacy-ի հետ կապված: Խնդիր եմ տեսնում՝ վաղը, մյուս օրը Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ հայցեր, բայց լավ թողնեք այս փաստարկը մի կողմ: Իրականում, իրավական խնդիր եմ տեսնում երկու սկզբունքների հավասարակշռության»:

Նա նշեց, որ 4+4+4 ձեւաչափով քննարկումը, չնայած առաջին հայացքից թվում էր, թե վերջնագրերի լեզվով է, բայց իր կարծիքով՝ այս վերջին փուլում թեւակոխել են մի փուլ, որտեղ կարծես թե ընդդիմությունը եւս հասկացել է, թե իրենց իրական խնդիրն ինչ է. «Եվ այն առաջարկը, որը ներկայացվեց, գոնե ինձ մոտ տպավորություն է, որ իրենք հասկացան, որ առաջարկվող մեխանիզմն իրականում իրենց բարձրացրած խնդիրը լուծում է մեծամասամբ: Տեսնենք՝ ինչպիսի քննարկումներ կընթանան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930