Թիվ 4131 քրեական գործով Ալեքսանդր՝ Ակսել Բակունցի մեղադրական եզրակացությունը հաստատվեց 1937 թվականի հուլիսի 6-ին, Հայկական ԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսար, Պետական անվտանգության ավագ մայոր Մուղդուսիի կողմից, իսկ ԽՍՀՄ դատախազի ավագ օգնական Ռոզովսկին էլ այն հաստատեց 1937 թվականի հուլիսի 2-ին :
Անկեղծ ասած, մինչ օրս, մի քանի անգամ ծանոթանալով սույն մեղադրական եզրակացությանը, չէի նկատել, թե ինչու է մեղադրականը հաստատել ոչ ավել, ոչ պակաս դատախազի օգնականը:
Ըստ այդ մեղադրական եզրակացության էլ, պետանվտանգությունը հայտնաբերել էր Հայաստանի եւ խորհրդային իշխանության դեմ ահաբեկչական խմբավորում, Բակունցը եղել է «ազգայնամոլական կազմակերպության» գործուն անդամ, Չարենցի հետ գլխավորել են ահաբեկչական այդ կազմակերպությունը:
Մեղադրանքի համաձայն, գյուղատնտես, գրող Բակունցը այն նույն ահաբեկչական խմբի անդամ էր, որն իրականացրել էր «Ս.Կիրովի չարանենգ սպանությունը», «իր առջեւ նպատակ էր դրել ահաբեկչության կազմակերպում ընկեր Ստալինի եւ ընկեր Բերիայի»:
Ութ հատորանոց գործում Բակունցի ցուցմունքը, որով պնդել էր իր մասնակցությունը, հատոր երրորդում էր: Նաեւ արձանագրված էր, որ Բակունցը մերկացվում է Ստեփանյանի, Տեր-Սիմոնյանի եւ այլոց ցուցմունքներով:
Գործն ընդդատյա է եղել ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական դատարանին , իսկ Չարենցի, Ալազանի, Վանանդեցու եւ Նորենցի գործը բաժանված է եղել առանձին վարույթներով: Ուշադրության արժանի էր այն, որ մեղադրական եզրակացության հաստատման նույն օրը ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական հանձնաժողովն արտագնա նիստ է անցկացրել, ինչպես ձեւակերպված էր՝ «նախապատրաստական խորհրդակցություն» Երեւանում: Մասնակցել են նախագահող, կորպուսի զինվորական իրավաբան Ի.Ա.Մատուլեւիչը, դիվիզիայի զինվորական իրավաբան Ա.Մ.Օրլովը, բրիգադի զինվորական իրավաբան Ս.Ն.Ժդան, առաջին կարգի զինվորական իրավաբան Ա.Ա.Բատները, գլխավոր զինվորական դատախազ Ն.Ս.Ռոզովսկին:
Անհասկանալի է միայն, խոսքը մեղադրական եզրակացությունը հաստատած նույն այն՝ դատախազի օգնական Ռոզովսկու մասի՞ն է, որի անուն, հայրանունը չկա, մեղադրական եզրակացության տակ, իսկ արտագնա նիստում ոչ միայն կա, այլ ՝ ուրիշ կարգավիճակով : Միայն օրը համընկնելը, ըստ իս, պատահական չէր…
Սակայն քիչ անց փարատվում է իմ կասկածը. արտագնա նիստում հղում է արվում Ռոզովսկուն, միայն այլ կարգավիճակ ունեցողին. «ՈՐՈՇԵՑԻՆ գլխավոր զինվորական դատախազ, կորպուսի զինվորական իրավաբան Ռոզովսկու հաստատած մեղադրական եզրակացության հետ համաձայնվել եւ գործն ընդունել ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական հանձնաժողովի վարույթ»:
Մեզ հետաքրքել է նաեւ, թե արդյոք, դռնբաց է եղել դատը, պաշտպան ներգրավված եղե՞լ է: Պարզվեց, որ որոշվել է. «Գործը լսել փակ դատական նիստում, առանց մեղադրանքի եւ պաշտպանության մասնակցության, եւ առանց վկաներ կանչելու համաձայն ԽՍՀՄ Կենտգործկոմի 1-12-34թ. որոշման» : Որպես խափանման միջոց էլ «ՊԱՀԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ ամբաստանյալին թողնել կալանքի տակ» :
1937 թվականի հուլիսի 7-ին ժամը 11-ն անց 20 սկսվել է դատական նիստը, այն ավարտվել է 11-ն անց 55-ին : Ըստ դռնփակ նիստի արձանագրության նախագահող դատավորը եղել է Մատուլեւչը, քարտուղար՝ Բատները :
Ամբաստանյալ Բակունցից դատավորը հետաքրքրվել է, թե նրան հանձնվե՞լ է մեղադրական եզրակացության պատճեն, նրան բացատրվել են իրավունքներն ու պարտականությունները, ճշտվել է նրա ինքնությունը : Դատարանի կազմը ներկայացնելուց հետո հարցրել են, ինչպես հիմա է արվում, թե կա՞ միջնորդություն. «Բակունցը դատարանի կազմի փոփոխության մասին ոչինչ չի արտահայտվել»:
Դատական նիստի արձանագրությունից, որը հիշեցնեմ, քրեական գործի ողջ նյութերով տպագրվել է «Կյորես» հայրենակցական միության նախաձեռնությամբ, գրականագետ Դավիթ Գասպարյանի եւ հրատարակիչ, իրավաբան Մարտին Զիլֆուղարյանի միջոցով, արձանագրվել էր, որ Բակունցն իր վերջին խոսքում խնդրել է՝ իրեն հնարավորություն ընձեռնել ազնիվ աշխատանքով քավելու իր մեղքերը: Այսինքն, վերջին խոսքի ընթացակարգն էլ ձեւականորեն պահպանվել է, ինչպես հիմա է:
Հայ արձակի վարպետի դատավճիռը հրապարակվել է. նրան դատապարտել են պատժի առավելագույնի ՝ գնդակահարության, բռնագրավվելով անձամբ նրան պատկանող ողջ գույքը: Դատավճիռը բողոքարկման ենթակա չէր, ենթակա էր անհապաղ կատարման…
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ