Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր թշնամին բանակ չունի, հրոսակ է». Միքայել Սրբազանը՝ 3 նահատակների հոգեհանգստի ժամանակ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 09,2016 23:38

Այսօր Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի ունեցավ հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված գյումրեցի շարքայինների՝ 20-ամյա Գևորգ Վարդանյանի, Տիգրան Աբգարյանի ու 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի հոգեհանգստի կարգը:

Եկեղեցում կանգնելու տեղ չկար. զոհված հայ զինվորներին եկել էին իրենց շնորհակալությունը հայտնելու մեծ թվով գյումրեցիներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բժիշկներ, ավելի ուշ եկեղեցի մտան նաեւ 102-րդ ռազմաբազայի զինվորականները՝ իրենց կանանց հետ:

Gyumri taxum 2 Hovik AbrahamyanՀոգեհանգստի արարողությանը մասնակցում էին նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ու տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը:

Աղոթքից հետո, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ելույթ ունեցավ: Սրբազանի այս անգամվա ելույթը պահանջատիրական էր՝ ուղղված միջազգային հանրությանը, որն, ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, հավասարություն է դնում բաշիբոզուկների, հրոսակների ու հայրենիքը պաշտպանողների միջեւ:

Միքայել Սրբազանը, հիշեցնելով, որ արդեն չորրորդ անգամն ենք հավաքվում հավիտենական հանգստի ուղարկելու մեր հերոսներին, ասաց, որ ինչպես միշտ, թշնամին իր հաշիվների մեջ սխալվեց. մեր հերոսները իրենց դրսեւորեցին փայլուն, մենք՝ որպես ժողովուրդ, փրկվեցինք թանկագին արյամբ հերոսների. նրանք չթողեցին մեզ գլխիկոր, գլխահակ ու ամաչկոտ: «Ինչո՞ւ այս տղաներն առաջին գծում էին, որովհետեւ վախկոտ չէին , վախկոտին առաջին գիծ չես ուղարկի, ոչ մի հրամանատար վախկոտ զինվորին առաջին գիծ չի ուղարկի, քաջին կուղարկի առաջին գիծ: Եվ մերոնք քաջերի մեջ էին, եւ առավել քաջերի մեջ էին, հպարտ եղե՛ք ժողովուրդ, հպարտ եղե՛ք մայրեր, մեզ մնում է միայն խոնարհվել մեր մայրերի առաջ, ոչ թե իրենց ձեռքը համբուրել, այլ իրենց ոտքը համբուրել: Այն կորովը, այն քաջությունը, այն իմաստությունը, այն տոկոնությունը, որ մեր մայրերը ցուցաբերում են այս օրերին, հիացմունքի արժանի է: Եվ ասում եմ՝ արժանի չեն իրենց ձեռքը համբուրելու, իրենց ոտքը պետք է համբուրենք, ոտքի տակի փոշին պետք է համբուրենք, որովհետեւ իրենք պատվական արյուն ունեցող քաջերի մայրեր եղան եւ չցլացան իրենց զավակներին ուղարկել, որպեսզի մայր հայրենիքը պաշտպանեն, մեզ պաշտպանեն, մեզ բոլորիս պաշտպանեն: Այսօր խաղաղություն պարտադրեն հակառակորդին, հրադադար պարտադրեն եւ մեր ճակատը բաց պահեն հաճս միջազգային հանրության, որ հավասարության նշան է դնում հանցագործի եւ իր հայրենիքը պաշտպանող զինվորի միջեւ:

Gyumri taxum 1

Եվ մենք մեր զինվորներով, սպաներով պիտի ապտակենք այդ միջազգային հանրությանը, որպեսզի հասկանա, որ մեր բանակը բանակ է, եւ ոչ թե բաշիբոզուկների հավաքածու, ովքեր կարող են խաղաղ բնակչին սպանել, ականջները կտրել, զինվորին գլխատել: Բանակն այդպիսի բան չի անում, այդպիսի բան անում է հրոսակը, մեր թշնամին բանակ չունի, հրոսակ է: Մերը բանակ է, մայր հայրենիքը պաշտպանող բանակ է»:

 

Սրբազանն ասաց, որ մեր նահատակները մեզ խրատ տվեցին՝ ասելով, որ հայրենիքը վեր դասեք ամեն ինչից՝ ոսկուց, արծաթից, ժամանակավոր հաշիվներից… «Հայրենիքից վեր բան չկա այս երկրի վրա, եւ երկնքում Աստծուց վեր բան չկա, այս երկու արժեքների վրա է հիմնված հայի ճշմարտությունը՝ Աստված ու հայրենիք», -ասաց Սրբազանը:

Երեք նահատակներին ԼՂՀ նախագահի հրամանով պարգեւատրեցին հետմահու մարտական ծառայության մեդալներով:

IMG_2798 IMG_2799 IMG_2800 IMG_2820

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930