Ապրիլի 2-ի գիշերը թալիշցի 12-ամյա Վարդան Խալափյանն ու իր ընտանիքն արթնացան պայթյունների ձայնից. «Երբ ես արթնացա, հայրիկն ու մայրիկը դրսում էին: Հայրիկն ասաց՝ հագնվեք գնացեք նկուղ: Չգնացինք: Այդ ժամանակ հայրիկիս ընկերը զանգահարեց, ասաց, որ մեզ իջեցնի իրենց տուն: Հայրս մեզ տարավ: Հետո բարձրացավ, որ պապիկին ու տատիկին էլ բերի, բայց էլ չկարողացավ…»,- այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Վարդանը:
Նրա հայրը ոչ թե չկարողացավ, այլ չհասցրեց. ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զորամիավորումները մտել էին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, գնդակահարել խաղաղ բնակիչներ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելա Վարդանյանին, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել էին նաև ընտանիքի մեծ մորը՝ 92-ամյա Մարուսյա Խալափյանին:
«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանի փոխանցմամբ՝ Թալիշում այսօր գրեթե ոչինչ չկա, գյուղն ահավոր վիճակում է, համարյա կանգուն տուն չկա. «Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, մենք վերադառնալու ենք Թալիշ»,- ասաց Մելիտա Խալափյանը:
ԼՂՀ հակամարտության գոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում առավելագույնը տուժած բնակավայրերից է Թալիշը, որի բնակիչները տարհանվել ու տեղափոխվել են Արցախի ավելի անվտանգ գյուղեր կամ Հայաստան:
Կարդացեք նաև
Թշնամու ավերիչ գործողությունների հետևանքով ընտանիքները կորցրել են ամեն ինչ և բոլորիս ֆինանսական ու հոգեբանական աջակցության կարիքն ունեն, քանի որ Թալիշը, Մելիտա Խալափյանի ձևակերպմամբ, հնարավոր չէ միայն զենքով պահպանել:
«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վովա Բաբուրյանի խոսքով՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու հրետակոծությունից հետո միայն կանայք, երեխաներն ու ծերերն են ժամանակավորապես տեղափոխվել Թալիշից, իսկ տղամարդիկ զինվորների հետ պաշտպանում են Թալիշը:
«Թալիշն այսօր հոսանքազրկված է, տները՝ ավերված: Ավերակների է վերածվել անգամ գյուղի դպրոցը»,- ասաց դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցը և հիշեց չարաբաստիկ գիշերվա դեպքերը. «Գիշերը ուժեղ պայթյուն լսեցինք: Արագ իջանք նկուղ: Զանգ տվեցի մեր հարևաններին, երեխաներին էլ բերեցին, քանի որ նրանց տներն ավելի բարձր դիրքում էին գտնվում: Մինչև ժամը 5-ը մնացինք այնտեղ: Հարևաններից մեկը զանգահարեց, թե թուրքերը գյուղ են մտել, արագ դուրս եկեք: Նստեցինք մեքենան ու հեռացանք: Դեռ Մատաղիս չէինք հասել, երբ սկսեցին այն ռմբակոծել: Կարողացանք հեռանալ, իսկ երբ հետ նայեցինք, տեսանք, որ տներից արդեն ծուխ է բարձրանում…
Ես եղա գյուղում ապրիլի 6-ին. Թալիշից գրեթե ոչինչ չի մնացել»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ