Լրահոս
Օրվա լրահոսը

Խայտառակ վրիպում` բանակի եւ ժողովրդի հերոսական մաքառման ֆոնին

Ապրիլ 09,2016 22:00

«Շատ խղճալի վիճակում էր Մինսկի խումբը: Նկատելի էր, որ ասելիք չունեին: Իրենք էլ էին դա զգում եւ աշխատում էին արագ ավարտել, որովհետեւ հարցերին պատասխաններ չունեին»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց Մինսկի խմբի համանախագահների` այսօր տված մամուլի ասուլիսին «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

«Այն, ինչ ակնկալվում էր լսել, կանխվեց հենց մեր ռազմավարական դաշնակցի ներկայացուցչի` Իգոր Պոպովի կողմից:  Ասաց, որ մանդատ չեն ունեցել պարզելու, թե ով է սկսել պատերազմը: Այստեղ հարցեր են առաջանում` ի՞նչ էին անում պարոն Պոպովը եւ մյուսները, երբ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի արտահերթ հավաք տեղի ունեցավ, ինչո՞ւ չլուծեցին իրենց մանդատի խնդիրը: Ի վերջո, գիտեին, որ երկու կողմերը միմյանց մեղադրում են: Առաջին հերթին, ադրբեջանական կողմը խուսափում էր պատասխանատվությունից: Հետեւաբար, գիտեին, որ տարածաշրջանում հիմնական հարցը դա է լինելու` ո՞վ է սկսել… Ինչո՞ւ իրենք չդրեցին այդ խնդիրը: Ինչո՞ւ մեր ԱԳՆ-ն չդրեց այդ խնդիրը: Ամենավտանգավորը սա է… Մեր բանակի եւ զինվորների, մեր ժողովրդի հերոսական մաքառման ֆոնին նման վրիպումները խայտառակություն են: ԱԳՆ-ն ինքը պետք է մտահոգվեր եւ հայտարարեր, որ մանդատ չեն տվել Մինսկի խմբին»,-նշեց Ստեփան Սաֆարյանը:

Նա հարց առաջադրեց` ո՞ւմից է վախենում Հայաստանը, որ չբարձրացրեց Մինսկի խմբին մանդատ տալու հարցը. «Որովհետեւ վախենում են… որովհետեւ Ռուսաստանն էլ շահագրգռված չէ: Մյուս երկու համանախագահները դեռ երեք տարի առաջ կողմ էին, որ հետաքննության մանդատը ստեղծվի, Պոպովն էլ հարվածն իր վրա վերցրեց` ասելով, որ մանդատ չունեն, որպեսզի բան չունենանք իրեն ասելու»:

Ինչ վերաբերում է Պոպովի` ԼՂՀ-ի` Ադրբեջանի կազմում դիտարկվելու մասին արված մեկնաբանությանը,  Ստեփան Սաֆարյանն ասաց. «Չեմ ասի, որ լավություն են արել, բայց պահել են Ադրբեջանին տված իրենց խոստումը: Այսինքն` «չենք հայտարարում, որ Ղարաբաղը ձեր չէ»: Դա էլ լեգիտիմացնում է Ադրբեջանի գործողությունները: Բոլոր նրանք, ովքեր հիմա նման «նվեր» են տալիս Ադրբեջանին, ասում են, որ ԼՂՀ-ն Հայաստանինը չի, չենք ճանաչում, հետեւաբար` Ադրբեջանն իրավունք ունի այն ռազմական ճանապարհով վերցնելու»,-նկատեց պարոն Սաֆարյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930