Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Յուրաքանչյուր շահագրգիռ կողմի  պետք է հնարավորություն ընձեռվի ծանոթանալ ցուցակներին

Ապրիլ 09,2016 21:54

Ազգային ժողովում ապրիլի 9-ին տեղի ունեցավ «4+4+4» ձեւաչափի հերթական քննարկումը: Ներկայացել էին քաղաքացիական հասարակության 5 ներկայացուցիչները՝ բացի Լեւոն Բարսեղյանից, ընդդիմությունից 4 ներկայացուցիչ՝ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Մարգարյանը, եւ երկու ներկայացուցիչ իշխանությունից՝ Դավիթ Հարությունյանը եւ Արփինե Հովհաննիսյանը:

Մինչ սկսելը Դավիթ Հարությունյանը առաջարկեց քննարկումը փակ ձեւաչափով անցկացնել, Լեւոն Զուրաբյանը համաձայնեց այդ առաջարկին, սակայն Տիգրան Եգորյանը դեմ արտահայտվեց: Քննարկումը շարունակվեց բաց ձեւաչափով եւ առաջինը քննարկվեց քվեարկած անձանց ցուցակների հրապարակման հարցը:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ քվեարկության մասնակցությունը գաղտնիք չէ,  բոլորին պարզ է, որ տվյալ մարդը մասնակցել է քվեարկությանը: Արամ Մանուկյանը հավելեց, որ ակնհայտ է բոլորի համար, որ խնդիրը իրավական դաշտում չէ: Առկա է խնդիր, որը գիտակցում է  իշխանությունը, եւ որպես խաղաթուղթ ունի ընդդիմությունը, դա հասարակության վստահության բարձրացումը: Ըստ նրա, քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը կարող է խթանել հասարակության վստահության բարձրացումը. «Խնդիրը այստեղ ոչ թե բողոքարկման խնդիրն է, այլ վստահության, վերահսկողության մթնոլորտ ստեղծելն է: Խնդիրը քաղաքական է, իմ կարծիքով, իրավական չէ: Ցուցակները հրապարակելը լրջագույն վստահության բարձրացման միջոց է»:

Լեւոն Զուրաբյանն էլ նկատեց, որ Հայաստանի համար որեւէ պարտավորություն չկա ցուցակների հրապարակման հարցում՝ ո՛չ Սահմանադրությունն է արգելում, ո՛չ սահմանադրական դատարանի որեւէ վճիռն է արգելում, ո՛չ միջազգային իրավունքի որեւէ նորմ կամ պայմանագիր, որին միացել է Հայաստանը: Միակ հղումը կատարվում է Վենետիկի հանձնաժողովի որոշման վրա, որը կրում է բացառապես խորհրդատվական բնույթ, եւ Հայաստանը պարտավոր չէ այն կատարել. «Հայաստանում, եկեք արձանագրենք, որ չկա որեւէ ուժ, որը փորձի պաշտպանել այս ընտրություններին մասնակցության գաղտնիության իրավունքը, չկա նման ուժ: Ո՛չ հասարակական կազմակերպություն կա, ո՛չ ընդդիմությունն է ցանկանում, ոչ ոք: Այդ հարցը ոչ ոքի չի հուզում, հակառակն են ուզում, մարդիկ ասում են՝ չէ՛, հրապարակեք դա:

Մի իրավիճակ է ստեղծվում, որ իշխող կուսակցությունը ցանկանում է պաշտպանել մի իրավունք, որը ոչ ոք չի ցանկանում պաշտպանել: Դա ինքնին բավականին զարմանալի իրավիճակ է: Հակառակն է իրականում կատարվել՝ ստեղծվել է աննախադեպ կոնսոլիդացիա՝ հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի, արդեն հազար անգամ խոսել ենք այդ պլատֆորմի մասին, բոլորը միավորվել են այդ մեկ պահանջով, ասում են՝ հրապարակեք այդ ցուցակները: Այստեղից հետեւում է մի բան, որ այն արդարացումը, որ դուք բերում եք մեզ մոտ արդեն տպավորություն է ստեղծվում, որ դա իրական ձեր մտահոգությունը չէ, մեզ մոտ լուրջ անվստահություն է առաջանում ձեր մոտիվացիայի նկատմամբ: Ես ասում եմ՝ եթե այս հարցը լուծվի, 60-70 տոկոսով կլուծի վստահության խնդիրը ընտրական համակարգի վերաբերյալ»:

Դավիթ Հարությունյանը ի պատասխան ասաց, որ նրանց առաջարկված տեսքով իր համար անընդունելի է, քանի որ իշխանությունը շատ կարեւոր է համարում Վենետիկի հանձնաժողովի պահանջին հետեւելը: Իրենք էլ են համոզված, որ դրա հրապարակային ներկայացումը ճիշտ չէ. «Բայց մենք համարում ենք, որ յուրաքանչյուր շահագրգիռ կողմի, խոսքը ընտրություններին մասնակցողների մասին է,  պետք է հնարավորություն ընձեռվի դրան ծանոթանալ, քաղվածքներ կատարել: Երբ ասում եք՝ որեւէ քայլ արվի, հենց քայլը դա էր, մենք այդ քայլն արել ենք եւ անցած անգամ ներկայացրել ենք, որ յուրաքանչյուր ոք, խոսքը ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի մասին է, որը ներկա է գտնվել կոնկրետ ընտրական տեղամասում կարող է ներկայացնել դիմում եւ դիմումի հիման վրա ծանոթանալ ցուցակներին, անել ցանկացած քաղվածքներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930