Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Տեղեկատվական պատերազմում ամեն ինչ չէ, որ հստակ էր կազմակերպված»

Ապրիլ 09,2016 21:23

«Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակը փաստացի մի փոքր հանգստացել է, տեղափոխվել դիվանագիտական ոլորտ: Այնպես որ, հիմա կարելի է մի փոքր ետ նայել, տեսնելու՝ ինչ եղավ, ոնց եղավ, ընդհանուր առմամբ ինչ էր կատարվում տեղեկատվական դաշտում եւ ինչու», – այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում «Տեղեկատվական պատերազմների վերաբերյալ» թեմայով դասախոսությունից առաջ լրատվամիջոցներին հայտարարեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ինչո՞ւ: Որովհետեւ նպատակը շատ ժամանակ այնքան էլ չի հասկացվում: Շատ ժամանակ երկու կողմից էլ մասնագետներ են գործում, որոնք ծառայում են, այսպես կոչված, չերեւացող նպատակների: Շատ հաճախ մարդկանց ասում են՝ այս մի արեք, այն մի արեք, բայց մարդը պետք է հասկանա, թե ինչու չպետք է անի: Այսինքն, կարեւոր է, որ գիտակից հասարակություն լինի: Այս ամենը առաջին անգամ չի ու, ցավոք, վերջինն էլ չի լինելու: Գիտակից քաղաքացին գործում է նաեւ ներքին քաղաքական դաշտում», – ասաց փորձագետը: Հարցին, թե անցած օրերի ընթացքում գիտակի՞ց հասարակությունն է ավելի շատ եղել, թե անգիտակիցը, Սամվել Մարտիրոսյանը դժվարացավ միանշանակ գնահատական տալ: «Շատ դժվար է: Չնայած հասարակությունն այս ամենին ինչ-որ չափով պատրաստ էր, մարդիկ մեդիա հարթակում իրար օգնելով, խորհուրդ տալով օգնեցին, սակայն եղան նաեւ, որ նյարդերը չդիմացան, շատ բաներ սխալ, էմոցիոնալ հասկացան: Բայց հանրությունը ընդհանուր առմամբ պատրաստ էր եւ ինքնակարգավորման միջոցներով՝ իրար կրթելով, խորհուրդներ տալով, թույլ չտվեց, որպեսզի ապատեղեկատվությունը մարդկանց աչքը փակի», – պատասխանեց նա:

Սամվել Մարտիրոսյանը ասաց նաեւ, որ ավելի շատ խոսելու է տեղեկատվական պատերազմում մեր բացթողումների մասին՝ նշելով, որ լավն այսպես թե այնպես կա: Հիմա պետք է բացթողումները վեր հանել, որպեսզի հակամարտության սրման հաջորդ ալիքի ժամանակ փորձենք դրանք չկրկնել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930