Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալի մոտ սպասում էինք հոսպիտալի տնօրենին. պետք է բուժօգնություն ստացող վիրավոր զինծառայողների մասին տեղեկություններ հայտներ:
Հոսպիտալից դուրս եկավ մի կին եւ ցանկություն հայտնեց մի քանի բան ասել բուժանձնակազմի նվիրական աշխատանքի մասին. Ոչ մի լրագրող չարձագանքեց տիկնոջ ցանկությանը. Մենք սիրով համաձայնվեցինք, քանի որ այն բուժանձնակազմը աշխատակիցները, որոնք այս օրերին մեր զինվորների կյանքի ու առողջության համար պայքարում են հոսպիտալում, ոչ պակաս հերոսներ են:
«Ես տեսնում եմ, որ բուժաշխատողները, նրանք յուրաքանչյուր զինվորի հետ վարվում են այնպես, ինչպես կվարվեին մայրը կամ հայրն իր երեխայի հետ: Նրանք շատ հոգատար եւ ուշադիր են, զօր ու գիշեր վիրավոր զինծառայողների կողքին են»,-պատմեց Նաիրա Շահինյանը: Տիկին Շահինյանի քրոջ որդին՝ Արամ Ակուլյանը Ջաբրայիլում էր ծառայում, ընդամենը 14 օրվա զինվոր էր, հիմա բուժվում է Երեւանի հոսպիտալում, նրան այստեղ տեղափոխելու մասին տեղեկացել են Արամի ընկերներից: Տիկին Շահինյանը չցանկացավ իր զարմիկի մասին շատ խոսել, ասաց ուզում է զարմիկի հետ նույն հիվանդասենյակում պառկած փոքրիկ Միքայելի մասին պատմել:
«Միքայելը 18 տարեկան է, 9 ամսվա զինծառայող էր: Փոքրիկ Միքայելը պատմում է՝ այդ օրը բլինդաժում էին, երբ սկսեց հակառակորդը կրակել, դուրս են եկել, որպեսզի պահեն, առաջ չգա հակառակորդը, այդ պահին նրանք մեծ քանակությամբ ականանետերով կրակել են ու Միքայելը վիրավորվել է: Նա պատմում է՝ սկզբում թվաց, թե աջ ձեռքս չկա, բայց հետո հասկացա, որ ձեռքս կա, բայց չի աշխատում: Հիմա նա բազմաբեկորային վնասվածքներ ունի, բեկորի կտոր կա թոքում, դեռ հարց է՝ դա կհեռացվի՞, թե ամբողջ կյանքի ընթացքում փոքրիկ Միքայելը պիտի կրի այդ բեկորը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ