Պայմանագրային զինծառայող Հրաչ Մուրադյանը ապրիլի երկուսին պետք է տուն վերադառնար, բայց չհասցրեց իրեն սպասող տնեցիների ուրախությունն իրագործել:
Թալիշի ազատագրական պայքարի ժամանակ հերոսաբար զոհված Հրաչ Մուրադյանի եղբոր կինը՝ Նազելին, Aravot.am-ին պատմեց, որ ապրիլի երկուսին Հրաչը պետք է տուն վերադառնար: Բայց նրան անհամբեր սպասող տնեցիները ուրախ լուրից կարճ ժամանակ հետո լսեցին վատ լուր. Հրաչը տուն չի կարող գալ, ճանապարհի կեսից հետ են կանչել. պատերազմական իրավիճակ է: Հրաչ Մուրադյանի մահվան հանգամանքներից Նազելիին հայտնի է, որ հերոսաբար մահացել է Թալիշի ազատագրման օրը, հակառակորդը նրան թիկունքից է հարվածել՝ ուղիղ սրտին:
«Ժամանակին միասին էինք ապրում, մի տարի է ՝առանձնացել են, կնոջ երկու դուստրերի ու որդու հետ բնակվում էին վարձով: Հրաչ Մուրադյանի երեք երեխաներն էլ անչափահաս են, երկուսը դպրոցական, տղան հաճախում է մանկապարտեզ: Հայրենիքին նվիրված, վերին աստիճանի ընկերասեր, հումորով… Մենք մի գանձ ենք կորցրել, մեծատառով մարդ էր: Անհնար է առանց արցունքի իր մասին խոսել»,- պատմեց Հրաչ Մուրադյանի եղբոր կինը:
Հրաչ Մուրադյանը հայրենասիրական թեմաներով բանաստեղծություններ էր գրում, եղբոր երկու տղաներին էլ զենք բռնել էր սովորեցնում:
Կարդացեք նաև
Հրաչ Մուրադյանին 84 մանկապարտեզի մանկավարժական կոլեկտիվը հիշում է որպես հոգատար ու լավ հայրիկ:
«Շատ-շատ լավ հայրիկ, փոքրին գրկած տանում, բերում էր, նվիրական, ընտիր մարդ: Իր համար իր երեխաները չգիտեմ՝ ինչ էին… մի հայ մարդ կյանքը տվեց, մի հայր իր ընտանիքը թողեց, մտածում ենք՝ ինչ պետք է անի նրա կինն իր երեխաների հետ միայնակ, հոգեկան ապրումներ, նյութական դժվարություններ, ամեն ինչ կուտակվելու է իր վրա»,-պատմեց մանկապարտեզի տնօրենը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ