Այս պահին Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժում են ստանում 36 զինծառայող: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: Նրա խոսքերով՝ ներկայումս ծայրահեղ ծանր վիճակ է գնահատվում 4 զինծառայողի մոտ, օրեր առաջ ծայրահեղ ծանր էին 5 զինծառայողներ: Ասատուրյանն ասաց, որ Հրայր Բաղդասարյանի մոտ դրական տեղաշարժ կա, նրա վիճակը ծայրահեղ ծանր չէ, այս պահին գնահատվում է ծանր: 2 զինծառայողի առողջական վիճակն էլ ծանր է, մյուսների մոտ, ինչպես նշեց Ասատուրյանը, բավարար է եւ բավարարին մոտ:
Մյուս շաբաթվանից հոսպիտալում բուժվող մեծ մասի՝ զինծառայության վերադառնալու մասին էլ Ասատուրյան ասաց, որ հիմա վաղ է դրա մասին խոսել. «Դա հավանական է՝ վերաբերում է այն թեթեւ վիրավորներին, որոնք գտնվում են կայազորային հոսպիտալներում, որոնց Երեւան տեղափոխելու կարիք չի եղել»:
Ասատուրյանի ներկայացմամբ՝ 4 ծայրահեղ ծանր վիրավորներից 2-ը շարքային զինծառայողներ են, 2-ը՝ երկրապահ կամավորական միությունից:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին՝ կա՞ն այնպիսի վիրավոր զինծառայողներ, որոնք հավելյալ վիրահատության կարիք ունեն, պարոն Ասատուրյանն ասաց. «Վիրավորներից մեկն ունի վիրահատության կարիք. բեկորը դեռեւս միջողնաշարային տարածությունում մխրճված է: Նա ունեցել է որովայնի, կրծքավանդակի բազմաթիվ վիրավորումներ, թոքի, լյարդի եւ փայծաղի, ստամոքսի վնասվածքներ: Բուժօգնության այն ծավալը, որ անհրաժեշտ է եղել, անմիջապես ապահովել ենք: Երբ նրա վիճակը կայունանա, 2-րդ փուլով կվիրահատվի, այդ բեկորն այս պահին կյանքին վտանգ չի սպառնում»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Արդյոք կան այնպիսի վնասվածքներով զինծառայողներ, որոնց հարկ կլինի արտերկրում բուժօգնություն տրամադրել, պարոն Ասատուրյանը վստահեցրեց՝ Հայաստանի առողջապահության ոլորում կան բոլոր հնարավորությունները վիրավորներին բժշկական օգնություն տրամադրելու համար, կան փայլուն մասնագետներ, ինչպես նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Երեւանում էլ մասնաճյուղ ունի, եւ մեզ մոտ առկա են վերականգնողական գերազանց կենտրոններ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ