Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոխարտգործնախարարը Ժնեւում խոսել է Թալիշ գյուղում «Իսլամական պետության» ոճով խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառված բարբարոսությունների մասին

Ապրիլ 09,2016 19:00

Ապրիլի 8-ին Ժնևում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՄԱԿ-ի և Շվեյցարիայի համատեղ կազմակերպած Բռնի ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված համաժողովին: Համաժողովի բարձր մակարդակի հատվածը համանախագահում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը:

Համաժողովին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների արտաքին գործերի նախարարներ և փոխնախարարներ, ինչպես նաև բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված միջազգային կառույցների համապատասխան պաշտոնյաներ:

Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթի սկզբում նշեց, որ, նախքան ահաբեկչության և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հանգեցնող բռնի ծայրահեղականությանն անդրադառնալը, անհրաժեշտ է հասկանալ այդ երևույթի էությունը: Հրամայական է դառնում միջազգային հանրության համախմբումը՝ ընդհանուր ռազմավարություն մշակելու նպատակով: Նշվեց, որ թեև ակնհայտ է, որ պետք է խուսափել բռնի ծայրահեղականությունը և ահաբեկչությունը որևէ կրոնի կամ էթնիկ խմբի հետ նույնացնելուց, միևնույն ժամանակ, նույնքան ակնհայտ է, որ բռնի ծայրահեղականության ժամանակակից դրսևորումների, մասնավորապես, «Իսլամական պետության» և «Ալ Նուսրայի» կողմից իրականացվող ցեղասպանության հանգեցնող զանգվածային ոճրագործությունների հիմնական թիրախը կրոնական կամ էթնիկ համայնքներն են:

Ըստ ՀՀ փոխարտգործնախարարի՝ ցեղասպան գործողություններ իրականացնող ահաբեկչական խմբավորումներին որևէ պետության կողմից տրամադրվող ցանկացած աջակցություն պետք է որակվի որպես հանցակցություն: Բռնի ծայրահեղականությանը հակազդելիս, մարդու իրավունքների համատեքստում, առանցքային նշանակություն ունի զոհերի իրավունքների պաշտպանությունը: Այս առումով պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ատելության հողի վրա հանցանքների կանխարգելմանը, քանի որ վերջիններս անմիջական կապ են ստեղծում բռնի ծայրահեղականության ու ահաբեկչության միջև և հանգեցնում ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների ու մարդկության դեմ ոճիրների:

Աշոտ Հովակիմյանն ընդգծեց, որ չլուծված հակամարտությունները կարող են պարարտ հող ստեղծել բռնի ծայրահեղականության համար, առավել ևս, երբ պետական իշխանությունները օգտագործում են հակամարտությունները մարդու իրավունքները սահմանափակելու և հակամարտության կողմերի դեմ հասարակության բոլոր մակարդակներում թշնամություն քարոզելու համար: Այս կապը, սակայն, չի գործում միայն մեկ ուղղությամբ, քանզի բռնի ծայրահեղականությունն իր հերթին կարող է բացասական ազդեցությունն ունենալ հակամարտությունների կարգավորման վրա, առավել ևս, երբ հանցագործների հերոսականացումն օգտագործվում է իբրև հասարակությանը մոբիլիզացնող ուժ:

Ելույթում անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից շարունակաբար կիրառվող բռնի ծայրահեղականության դրսևորումներին, ինչի ցայտուն օրինակն էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը և հերոսացնելը: Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների համատեքստում ԱԳ փոխնախարարը առանձնահատուկ կարևորեց Թալիշ գյուղում «Իսլամական պետության» ոճով խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառված բարբարոսությունների միջազգային դատապարտումը՝ որպես մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման աղաղակող դեպքերի:
  Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930